Պաշտպանության բանակի շտաբում քննարկել են զինված ուժերում ոչ մարտական զոհերի խնդիրը

Արցախի Պաշտպանության բանակի շտաբում քննարկել են զինված ուժերում հաճախակիացած մահվան դեպքերը։ 2020-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը հայկական բանակում 13 ոչ մարտական կորուստ է եղել (տե՛ս՝ Շարունակվող ոչ մարտական զոհեր․ ինչո՞ւ

Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև։

Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»- ասել է Կարեն Աբրահամյանը:

Խորհրդակցության ընթացքում իրենց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ ուղղությունների, ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման և մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:

Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները ի հայտ բերելու գործընթացում:

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել