Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի խնդրի մասին հինգ կետ է ներկայացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել Ղարաբաղի խնդրի վերաբերյալ և ներկայացրել հինգ կետ։ Վարչապետը գրառումն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցած հրապարակային բանավեճ-քննարկումից հետո։

Փաշինյանի ներկայացրած հինգ կետերը հետևյալն են․

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որը վարում էր ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։

Տե՛ս՝ Փաշինյան-Ալիև քննարկում ղարաբաղյան հարցով՝ Մյունխենի համաժողովին

#CivilNet #News

Մեկնաբանել