Կորոնավիրուսն ու Հայաստանի տնտեսությունը. բացասական ինչ ազդեցություններ են հնարավոր

Արշալույս Մղդեսյան

Երկրագնդի «արտադրամասը» համարվող և գլոբալ ՀՆԱ-ում 17 տոկոս մասնաբաժին ունեցող Չինաստանում ահագնացող նոր կորոնավիրուսի տարածումը տնտեսական լուրջ հետևանքներ է ունենում համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանի դեպքում ևս միանգամից երկու սեղմօղակ է առաջանում տնտեսության համար:

Իրավիճակով պայմանավորված կարող են դանդաղել Չինաստանից ապրանքների մատակարարումները, ինչը դժվարություններ է ստեղծելու հայաստանցի գործարարների համար: Մյուս կողմից՝ Չինաստանի կիրառած ներքին սահմանափակումների պատճառով նվազում են պղնձի միջազգային գները, որի նկատմամբ բավականին զգայուն է պղնձի խտանյութ արտահանող Հայաստանի տնտեսությունը:

Կառավարությունն անհանգստացած չէ

Չինաստանում մոլեգնող կորոնավիրուսի վարակի հետևանքով կառավարության տնտեսական բլոկը բացասական լուրջ ազդակներ Հայաստանի համար չի կանխատեսում: «Մեր տնտեսության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ պղնձի միջազգային գների անկումը», – փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որն իր պատասխանում, համաձայն փորձագետների ու գործարարների, հաշվի չի առել Չինաստանից ներմուծումների հնարավոր դանդաղեցման ռիսկը:

Չինաստանը պղնձի համաշխարհային խոշորագույն սպառողներից է: Այդ երկրում կիրառված տրանսպորտային ու տեղաշարժի սահմանփակումների հետևանքով կրճատվում է արդյունաբերական արտադրությունը, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում պղնձի սպառման ծավալների վրա: Shanghai Metals Market վերլուծական ընկերության տվյալներով՝ Չինաստանում պղնձի պահանջարկը նվազում է, իսկ այդ մետաղի պաշարները չինական պահեստներում` աճում: Հունվարին աճը կազմել է 8,6 տոկոս:

Վերջին երեք-չորս շաբաթվա ընթացքում պղնձի միջազգային գները կտրուկ նվազել են: Անկումը կազմել է շուրջ 12 տոկոս, ինչը բացասաբար կարող է ազդել Հայաստանի` արտահանումից ստացվող եկամուտների վրա: Լոնդոնի մետաղների բորսայի տվյալները ցույց են տալիս, որ մեկ տոննա պղնձի գինը շուրջ 5 700 դոլար է, այն դեպքում, երբ այս տարվա հունվարի կեսերին այն 6 300 դոլար էր:

Համաձայն Moody’s վարկանշային ընկերության մետաղների ու էներգակիրների գների դինամիկայի վերլուծության՝ կորոնավիրուսի համաճարակը կարող է ավելի մեծ վտանգ լինել համաշխարային տնտեսության համար, քան 2008-2009 թվականների գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը:

«Կանխատեսվում է Չինաստանի ՀՆԱ-ի սպասվող աճի շուրջ 1-2 տոկոս անկում, որը հսկայական թիվ է: Չինաստանը բավականին լուրջ ինտեգրված է համաշխարհային տնտեսությունում և ունի գլոբալ ՀՆԱ-ի շուրջ 17 տոկոսը: Հետևանքների մասին կարելի է միայն ենթադրություններ անել, բայց դրանք բավականին տպավորիչ կլինեն»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Հայ-չինական առևտուրը

Ատոմ Մարգարյանը համամիտ է՝ Հայաստանի տնտեսության վրա առաջին բացասական ազդակը կգա պղնձի գների անկումից: «Չինաստանում պահանջարկի անկումը կհանգեցնի պղնձի գների և հանքանյութի վաճառքի անկման, ինչի նկատմամբ շատ զգայուն է Հայաստանը», – նշում է նա:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի արտահանման ծավալում հանքահումքային արտադրանքը 2019-ի տվյալներով կազմել է շուրջ 28 տոկոս: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ անցյալ տարի Հայաստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 945 մլն դոլար՝ 2018-ի ցուցանիշը գերազանցելով 22,5 տոկոսով: Չինաստանի հետ առևտուրը 2019-ին կազմել Հայաստանի ողջ առևտրաշրջանառության ծավալի 11,6 տոկոսը: Մասնավորապես անցյալ տարի Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը կազմել է 194 մլն դոլար. 2018-ի ցուցանիշը (107 մլն դոլար) գերազանցվել է ավելի քան 80 տոկոսով:

Ներմուծումն աճել է 13 տոկոսով՝ հասնելով 751 մլն դոլարի: Հայաստանը Չինաստանից ներմուծում է շուրջ 900 ապրանքատեսակներ, որոնց 10 տոկոսն անցյալ տարի կազմել են բջջային հեռախոսները:

Չինաստանը Հայաստանից գնում է հիմնականում հանքանյութ: 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանից Չինաստան 91 մլն դոլարի արտահանված ապրանքների շուրջ 94 տոկոսը կազմել է պղնձի խտանյութը: Հայաստանը պղնձի խտանյութ մեծամասամբ արտահանում է Եվրամիություն, որտեղ և այն ենթարկվում է հետագա վերամշակման:

Ինչպես են արձագանքում գործարարները

Ատոմ Մարգարյանը չի բացառում, որ կարող են անգամ կնքված պայմանագրեր չեղարկվել կամ դրանք չկատարվեն, քանի որ Չինաստանում ֆորսմաժորային վիճակ է: «Թվային գնահատականներ դժվար է տալ: Կախված է նրանից, թե որքան կշարունակվի համաճարակի տարածումը և ինչ մասշտաբների այն կհասնի: Եթե հնարավոր լինի առաջիկա մի քանի շաբաթում հաղթահարել համաճարակը, ապա ազդեցությունը շատ մեծ չի լինի ո՛չ համաշխարհային տնտեսության, ո՛չ էլ Հայաստանի տնտեսության վրա: Բայց կանխատեսումները, ցավոք, լավատեսական չեն», – ասաց մեր զրուցակիցը:

Հայաստանում խելացի դրամապանակներ արտադրող Volterman ընկերության սեփկանատեր Ազատ Թովմասյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ներկայում բացասական հետևանքները դեռ չեն զգացվում, քանի որ Չինաստանի հետ գործարքներն այդ երկրում ամանորյա տոնակատարություններով պայմանավորված՝ դանդաղելու էին:

«Մենք աշխատում ենք Շենժեն քաղաքում մեր գործընկերների հետ: Մինչ օրս Չնաստանի հետ գործարքների դանդաղումը սպասելի էր, քանի որ ամանորյա արձակուրդ էր: Սակայն եթե առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում չվերանան կրառված սահմանափակումները, ապա Չինաստանի հետ աշխատող հայ շատ գործարարները կարող են խնդիրներ ունենալ: Կդժվարանան այնտեղից մատակարարումները, որը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանում չինական հումքի կամ սարքավորումների հիման վրա արտադրության իրականացման համար», – ասաց Ազատ Թովմասյանը:

Այս կարծիքը կիսում է նաև Չինաստանում բնակվող հայազգի գործարար Սեպուհ Գազարյանը: Նա կանխատեսում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Չինաստանում սահմանափակումները երկու ամիս կարող են ուժի մեջ մնալ: «Չինացի բժիշկները կորոնավիրուսի վարակի պիկը սպասում են ապրիլին, որից հետո այն պետք է նվազի: Ուստի գործարարները պետք է զինվեն համբերությամբ: Դժվար է նաև գտնել Չինաստանին այլընտրանք, քանի որ չկա ուրիշ պետություն, որ կկարողանա այդ քանակի և որակի ապրանքներ արտադրել ու մատակարարել: Իրավիճակը ֆորսմաժորային է, ուստի գործարարները չեն կարող նաև փոխհատուցում պահանջել չինացի գործընկերներից»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Գազարյանը:

Այս համատեքստում նա նաև կարևորեց այն, որ Հայաստանը որպես փոքր տնտեսություն պետք է կարողանա դասեր քաղել իրավիճակից և փորձել առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հարցում դառնալ ինքնաբավ:

Զբոսաշրջություն և դրամական փոխանցումներ

Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունների առումով կա ևս երկու գործոն: Մեկն ուղղակի է ազդում Հայաստանի տնտեսության վրա, մյուսը՝ միջնորդավորված: Խոսքը զբոսաշրջության և Ռուսաստանից դրամական փոխանցումների մասին է: Երկուսն էլ կարող են կրճատվել:

Չինական գործոնով պայամանվորված Հայաստանի տնտեսության վրա կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային գների անկումը: Դրական է միայն այն, որ Հայաստանը կարող է էժան էներգակիրներ ներկրելու ակնկալիքներ ունենալ: Սակայն նավթի միջազգային գների անկումը, որը կազմել է շուրջ 17 տոկոս, կարող է վատթարացնել իրավիճակը Ռուսաստանում, որը Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է:

«Այն շուկաները, որոնք ենթական են Չինաստանի ազդեցության ռիսկերին և փոխկապակցված մեր տնտեսության հետ, կարող են բացասական ազդակների աղբյուր լինել»,- նկատում է Ատոմ Մարգարյանը:

ՌԴ-ում գնողունակության անկումը բացասաբար է ազդելու Հայաստանի՝ այդ երկիր արտահանման վրա, իսկ ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացումն անդրադառնալու է Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքի վրա:

2019-ին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել շուրջ 2 մլրդ դոլար, որի 45%-ը՝ շուրջ 1 մլրդ դոլարը, Ռուսաստանից է փոխանցվել:

Մեկնաբանել