Պետության զարգացումը պետք է սկսվի խոցելի խմբերի ինտեգրումով

Տաթևիկ Ղահրամանյան 

Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման ուղղությամբ պետական ծրագրերը շատ քիչ են: Թեև վերջին մի քանի տարիներին կան ինչ-որ փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել են որոշ ծրագրեր հաշմանդամների կենսամակարդակի բարելավման համար, սակայն ոչ բոլոր դեպքերում են այդ ծրագրերը ծառայում բուն նպատակին: 

Շատ են դեպքերը, երբ պետությունը հավելյալ գումար է հատկացրել գործատուին` հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի վերցնելու համար, իսկ գործատուն այդ գումարները չի ծախսել ըստ նպատակի: Դրա համար պետք է լինի նաև պատշաճ վերահսկողություն, որպեսզի այդ գումարները ծառայեն բուն նպատակին:

Հաշմանդամություն ունեցողը կանգնում է խնդիրների առաջ, երբ փորձում է աշխատանքի ընդունվել որևէ բնագավառում։ Անհանդուրժողականություն է զգում, երբ արդեն է աշխատանքի մեջ է կամ էլ ստիպված է լինում հանդուրժել անօրինականությունները, միայն թե աշխատանքը չկորցնի: Նշածս խնդիրների մասին պետք է մտածի պետությունը և փորձի շտկել թերությունները: 

Հայաստանում 2012թ. մարտին սկսվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագիրը, որի միջոցով փորձ էր արվում հաշմանդամություն ունեցող անձին ինտեգրել հասարակություն` ապահովելով նրան աշխատանքով: Այդ ծրագիրն իրականացվելու էր երեք տարվա ընթացքում` Երևանի տասը համայնքներում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի և Շիրակի մարզերում:   

Հայաստանում հանդուրժողականության հետ կապված իրավիճակի վերաբերյալ հիմնական հետազոտությունները կատարվել են միջազգային կազմակերպությունների կամ իրավապաշտպան կառույցների կողմից, որոնք հաճախ կրել են հատվածական բնույթ և վերաբերել են որևէ երևույթի նկատմամբ վերաբերմունքի առանձին դրսևորումների:

Շատ է պատահում, երբ խտրականության դրսևորում է նկատվում հաշմանդամություն ունեցող մարդու նկատմամբ․ չէ՞ որ մյուսը չունի խնդիր` ինչո՞ւ պետք է աշխատանքի վերցնի հաշմանդամություն ունեցող մարդուն, և այդ դեպքում արդեն կարևոր չէ, թե նա տվյալ աշխատանքի գիտակն է, թե ոչ:

Երբ որոշակի խնդիր ունեցող մարդը դիմում է որևէ հաստիքի համար աշխատանքի ընդունվելու նպատակով, մասնակցում է հարցազրույցի` շատ են դեպքերը, երբ նրան մերժում են անհիմն պատճառներով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է մարդը ժամանակ հատկացնի ինչ-որ տեղ հասնելու համար, մասնակցի հարցազրույցին և ստանա մերժում: 

Պետության զարգացումը լինում է նաև խոցելի խմբերին ինտեգրելու, զբաղվածությունն ապահովելու միջոցով նաև: