ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը զինծառայողների մահվան դեպքերի թվի աճի հետ կապված չի պատրաստվում հրաժարական տալ․ այս մասին Ազգային ժողովում այսօր փակ քննարկումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց նա:
Հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է մահվան 13 դեպք։
Արտակ Դավթյանը հաստատեց, որ կադրային փոփոխություններ կլինեն բանակում, սակայն չնշեց, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը։ Կադրային որոշումների մասին այսօր ավելի վաղ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմում է գրել Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը և ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը:
«Կադրային փոփոխություններ կլինեն: Կլինեն հրամանագրեր, մենք դրանք կտեսնենք: Ինչ վերաբերում է Արցախին, ապա ես իրավասու չեմ այնտեղ կատարվող կադրային փոփոխությունները մեկնաբանել: Դա իմ իրավասության ներքո չէ»,- ասաց նա:
Արտակ Դավթյանի խոսքով՝ տարեսկզբից գրանցված 13 զոհերից ութի մահվան պատճառը գիտեն՝ հիվանդություններ և դժբախտ պատահարներ: «Այդ պատճառների վերացման մասով արդեն աշխատանքներ տարվում են: Յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում են այդ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ մահվան մյուս դեպքերով, որոնց վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան, մեկաբանություններ չի կարող տալ:
«Խոսքն ինքնասպանության կամ դրան դրդելու վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին է: Մենք պետք է սպասենք այդ գործերի ավարտին»,- նշեց նա՝ չբացառելով, որ պատճառներից մեկը կարող է լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած քրեական ենթամշակույթը:
Դավթյանը վստահեցրեց՝ բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են իրականացվում և պատասխանատվության ենթարկվում սպաներ:
«Պատժվում են, զորացրվում և այլն: Կանոնադրությամբ թույլատրելի պատժամիջոցները կիրառվում են: Բավականին շատ աշխատելու տեղ կա, և այդ շախատանքները տարվում են: Պետք է նշեմ, որ ոչ միայն պատժամիջոցներ են կիրառվում, այլև խրախուսվում են այն ծառայողները, սպաները, որոնք կանխել են ինքնասպանության դեպքեր: Անցյալ տարվա հուլիսից սկսած դրանք ութն են»,- ասաց նա:
Տե՛ս նաև՝ Շարունակվող ոչ մարտական զոհեր․ ինչո՞ւ
Արշալույս Մղդեսյան