Աբդալլահ թագավորը ծառ չի տնկել Ծիծեռնակաբերդում

Փետրվարի 7-ին նախագահականը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ Աբդալլահ թագավորը, որը Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից է, հանդիպումներ է ունենալու նախագահ Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Փետրվարի 10-ին թագավորն այցելեց Հայաստան, ունեցավ վերոնշյալ հանդիպումները, սակայն լրատվամիջոցները չհաղորդեցին Հորդանանի առաջնորդի՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին:

Իրականում Աբդալլահ թագավորը բարձրացել է Ծիծեռնակաբերդ, սակայն այցը հուշահամալիր և թանգարան եղել է ոչ հրապարկային և փակ լրատվամիջոցների համար: Թագավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ է դրել, սակայն ծառ չի տնկել, ինչպես անում են Ծիծեռնակաբերդ բարձրացող առաջնորդները:

Արդալլահ թագավորի ոչ հրապարակային այցը Ծիծեռնակաբերդ եղել է պաշտոնական Երևանի և Ամմանի միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հորդանանի առաջնորդը և ներքին, և արտաքին խնդիրների պատճառով է ցանկացել, որ այցը Ծիծեռնակաբերդ լինի ոչ հրապարակային:

Հայաստան այցելած առնվազն 4 առաջնորդներ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու նպատակով, չեն այցելել Ծիծեռնակաբերդ՝ Իրանի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադ և Հասան Ռոհանի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադ:

Ծիծեռնակաբերդ չի բարձրացել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ոչ պաշտոնական այցով եղավ Հայաստանում՝ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում:

Հայտնի չէ՝ արդյոք հայկական կողմը Գյուլին առաջարկե՞լ էր բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Ուշագրավն այն է, որ հետագայում, երբ արդեն հայ-թուրքական հարաբերությունները բարդացան, իսկ ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, հայկական կողմը նոր նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին հատուկ նամակով հրավիրեց Երևան՝ 2015-ի ապրիլ 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ: Սերժ Սարգսյանը հրավերը անձամբ Էրդողանին փոխանցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին գործուղեց Անկարա:

2016թ․ դեկտեմբերին մեկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած՝ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չի այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, ծաղիկներ չի խոնարհել անմար կրակի մոտ:

Իրանի նախագահի պաշտոնական ծրագրում Ծիծեռնակաբերդ այցելություն նախատեսված չի եղել, թեև Հայաստանի պետական արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են թողնում հուշահամալիրում, շրջում թանգարանում, ծառ տնկում:

Հարևան Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկու անգամ՝ 2007-ի հոկտեմբերին և 2011-ի դեկտեմբերին, այցելել է Հայաստան, սակայն երկու դեպքում էլ խուսափել է Ծիծեռնակաբերդ այցելությունից: Ընդ որում, 2007-ի այցելության ժամանակ պաշտոնական ծրագրում նշված էր նաև Ծիծեռնակաբերդը:

Իրանի մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամմադ Խաթամին, 2004-ի սեպտեմբերին այցելել է Հայաստան և ծաղկեպսակ խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Պահպանվել են լուսանկարներ, թե ինչպես է Խաթամին այցելում և ծաղկեպսակ թողնում:

2009-ի հունիսին պաշտոնական այցով Հայաստանում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ տիկնոջ հետ: Ասադը անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Սիրիայի ղեկավարը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ նախագահ Գյուլին ու վարչապետ Էրդողանին:

Մի քանի օր առաջ Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: