Վարչապետը նախագահին առաջարկել է պաշտոնանկ անել բանակի երկու պաշտոնյայի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:

Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն պաշտոնանկ անել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին»,- ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական մահվան 13 դեպք, որը հանրային մեծ արձագանք է ստացել։

Հունվարի 18-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ կադրային փոփոխություններ կլինեն բանակում, սակայն չնշեց, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը։ Դավթյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017-ի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2019-ի նոյեմբերի 28-ին:

#CivilNet #News

Մեկնաբանել