Պաշտոնանկ են արվել Ռազմական ոստիկանության և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետերը

Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից․ համապատասխան հրամանագրերը հրապաակված են նախագահի պաշտոնական կայքում։

Այսօր՝ ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերոնշյալ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու առաջարկով դիմել էր նախագահ Արմեն Սարգսյանին։

Հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է ոչ մարտական մահվան 13 դեպք, որը հանրային մեծ արձագանք է ստացել։ 

Հունվարի 18-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ կադրային փոփոխություններ կլինեն բանակում, սակայն չնշեց, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը։ Դավթյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Արթուր Բաղդասարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 2017-ի մայիսի 25-ին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել էր 2019-ի նոյեմբերի 28-ին:

#ՍիվիլՆեթ #Լուրեր