Հանրաքվեի կազմակերպմանը 3,5 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու համար ՀՀ ոստիկանությանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ:

Համաձայն որոշման՝ կառարության պահուստային ԿԸՀ-ին կհատկացվի ավելի քան 2,5 մլրդ դրամ: ԿԸՀ-ին կհատկացվի նաև 660 մլն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով:

Ոստիկանությանը կհատկացվի 234 մլն դրամ՝ «Կապի ծառայություններ» և «Գրասենյակային նյութեր և հագուստ» ծախսային հոդվածներով:

Հանրաքվեի կազմակերպման համար հատկացվող միջոցների մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն:

«Կռահում եմ, որ կլինեն քննարկումներ: Սակայն ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, որովհետև, ի վերջո, տնտեսական գործընթացներ են տեղի ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդի ազատ կամարտահայտման համար պետք է ծախսվեն գումարներ:

«Այստեղ քննարկումներն ու շահարկումները տեղի չեն: Ի դեպ, ՀՀ պետբյուջեի եկամուտները ավելացել են ավելի քան մեկ միլիարդ դոլարով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի միտքը շարունակեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քրեական գործերով բյուջե վերադարձվող գումարը շատ ավելին է: «Այսպիսի ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ անհրաժեշտություն»,- ասաց փոխվարչապետը:

#CivilNet #News

Մեկնաբանել