Վանո Մերաբիշվիլին ազատության մեջ է. նոր սպառնալիք Բիձինա Իվանիշվիլիին 

2020թ. փետրվարի 20-ը կարող է մտնել Վրաստանի պատմության մեջ որպես «Վրացական երազանք» կուսակցության և նրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի ութամյա իշխանության վերջի սկիզբ։ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմի ամենաառանցքային դեմքերից մեկը՝ Վանո Մերաբիշվիլին, շուրջ յոթամյա բանտարկությունից հետո այսօր ազատ է արձակվել։ Մերաբիշվիլիի անվան հետ են կապվում ինչպես Սաակաշվիլիի օրոք գրանցված հաջողությունները՝ ստորին և միջին օղակներում կոռուպցիայի կտրուկ նվազում, քրեածին տարրերի և «օրենքով գողերի» ազդեցության դեմ ակտիվ պայքար, այնպես էլ բացասական երևույթները՝ ոստիկանական պետության կառուցումը, մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը։

Բանտից դուրս գալուց անմիջապես հետո Մերաբիշվիլին հայտարարել է, որ վերադառնալու է ակտիվ քաղաքականություն և խոստացել մինչև տարեվերջ վերջ դնել Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը։ 2020թ. աշնանը Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում այս հայտարարությունը սպառնալից է։

Բայցևայնպես Վրաստանի ներքաղաքական ներկապնակն այսօր էականորեն տարբերվում է 2013-2014 թթ. իրավիճակից, երբ Մերաբիշվիլին նախ կալանավորվեց, ապա դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկման։ Այն ժամանակ «Վրացական երազանքն» իշխում էր կոալիցիոն գործընկերների հետ, որոնք բոլորն այսօր կա՛մ հեռացել են ակտիվ քաղաքականությունից, ինչպես Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ալասանիան, կա՛մ ընդդիմադիր դաշտում են, ինչպես 2012-2016 թթ. խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Ուզուպաշվիլին։

Խայտաբղետ է նաև ընդդիմադիր դաշտը։ Այստեղ գործում են Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժումը»; նրանից անջատված «Եվրոպական Վրաստան» և «Գիրչի» կուսակցությունները; երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ բանկիր Մամուկա Խազարաձեի 2019թ. վերջին ստեղծած «Լելո հանուն Վրաստանի» քաղաքական միությունը, որին միացել է նաև Ուզուպաշվիլին՝ իր նորաստեղծ «Զարգացման շարժում» կուսակցությամբ; «Հայրենասերների դաշինքը»։

Կան նաև նախկինում ազդեցիկ դիրք զբաղեցնող անհատներ, որոնք ղեկավարում են դե ֆակտո «մարդ կուսակցություններ», ինչպիսին է Սաակաշվիլիի օրոք խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Նինո Բուրջանաձեն՝ իր «Ժողովրդավարական շարժում – միասնական Վրաստան» կուսակցությամբ։ 2020թ. փետրվարին ակտիվ քաղաքականություն վերադառնալու և ընդդիմադիր դիրքորոշում ստանձնելու մասին հայտարարեց նաև 2013-2018 թթ. Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Գիորգի Մարգվելաշվիլին։

Նշված կուսակցություններից և անհատներից բոլորը, բացառությամբ «Հայրենասերների դաշինքի» և Նինո Բուրջանաձեի, հանդես են գալիս Ռուսաստանի կոշտ քննադատությամբ և աջակցում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարությանը։

Բնակչության մի զգալի հատված չի վստահում քաղաքական որևէ ուժի։ Շատերը հիասթափվել են «Վրացական երազանքից», որն իշխանության ութ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ էականորեն բարելավել շարքային քաղաքացիների կենսամակարդակը։ Իվանիշվիլիից հիասթափվածների մեծ մասը, սակայն, չի ցանկանում նաև Սաակաշվիլիի կամ նրանից անջատված նախկին համախոհների վերադարձ։

Շատ են պնդումներն այն մասին, որ «Եվրոպական Վրաստանի» հիմնադիրները գործարքի մեջ են մտել Բիձինա Իվանիշվիլիի հետ «Ազգային միացյալ շարժումը» պառակտելու համար, ինչի դիմաց գործող իշխանությունները կա՛մ աչք են փակել կուսակցության ղեկավարների նախկինում գործած ապօրինությունների վրա, կա՛մ ժամկետից շուտ ազատ են արձակել ոմանց։ Միևնույն ժամանակ, ընդամենը մի քանի օր առաջ կուսակցության ղեկավարներից Թբիլիսի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան դատապարտվեց ավելի քան երեք տարվա ազատազրկման, ինչը վկայում է գոնե այժմ իշխանությունների և կուսակցության միջև որևէ կուլիսային պայմանավորվածությունների բացակայության մասին։

2019թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Վրաստանում անցկացրած հարցումների համաձայն՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Վրացական երազանքի» օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 23 տոկոսը, «Ազգային միացյալ շարժման» օգտին՝ 15 տոկոսը, «Եվրոպական Վրաստանի» և լեյբորիստական կուսակցության օգտին՝ 5-ական տոկոսը։ «Հայրենասերների դաշինքին» աջակցություն է հայտնել 4 տոկոսը։ Մասնակիցների 32 տոկոսը որևէ կուսակցության օգտին չի արտահայտվել։

Առաջիկա ամիսներին Վրաստանի ներքաղաքական կյանքի հիմնական հարցը ընդդեմ «Վրացական երազանքի» ընդդիմության միավորման հնարավորությունն է։ Անկախ ընտրական համակարգի փոփոխության շուրջ ընթացող քննարկումների արդյունքներից՝ «Վրացական երազանքը» կարող է պարտվել միայն հիմնական ընդդիմադիր ուժերի միավորման դեպքում։ Առաջին հերթին սա վերաբերում է «Ազգային միացյալ շարժմանը», «Եվրոպական Վրաստանին» և «Լելոյին», ինչպես նաև այնպիսի անհատների, ինչպիսիք են նախկին Նախագահ Մարգվելաշվիլին և 2015-2018 թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած Գիորգի Կվիրիկաշվիլին։

Այս համատեքստում Մերաբիշվիլիի ազատ արձակումն ու քաղաքականություն վերադարձը կարող է էական նշանակություն ունենալ։ Եթե նա կարողանա նպաստել նշված կուսակցությունների և գործիչների միավորմանը, ապա 2020թ. վերջին Բիձինա Իվանիշվիլիի իշխանության տապալման խոստումը իրականություն դառնալու շանսեր ունի։

Մեկնաբանել