«Հաշված օրեր են մնացել». սպասե՞լ արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի բախումներին Սիրիայում

Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի դիվանագետների բանակցություններին՝ Սիրիայի հյուսիսում իրավիճակը կրկին սրվել է: BBC-ի ռուսական ծառայության թղթակից Օլգա Իվշինան փորձում է պարզել, թե արդյոք իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և վերածվել լայնածավալ հակամարտության:

Անկարան դիմել է ԱՄՆ-ին՝ երկրի հարավում Patriot զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոց տեղակայելու խնդրանքով, Bloomberg գործակալությանը հայտնել է Թուրքիայի բարձրաստիճան մի պաշտոնյա։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի մեկնաբանում այս տեղեկությունը։

Patriot համալիրներն իսկապես անհրաժեշտ կլինեն Թուրքիային՝ սիրիական Իդլիբ նահանգում լայնածավալ հարձակողական գործողություն սկսելու համար։ Ինչպես ցույց է տվել այդ շրջանում մարտական գործողությունների նախորդ փորձը, հարձակումն առանց ավիացիայի աջակցության դատապարտված է ձախողման։ Իսկ դա նշանակում է, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է Իդլիբում աջակցել Ասադի հակառակորդներին, ապա պետք է օդ բարձրացնի իր F-16 կործանիչները՝ ցամաքային գործողությանն աջակցելու համար։

Եթե F-16-երը բարձրանան Սիրիայի երկինք, այնտեղ նրանք անխուսափելիորեն կհանդիպեն ոչ միայն Ասադի բանակի կործանիչներին, այլև ռուսական մարտական ինքնաթիռներին։

Ուրեմն՝ պատերա՞զմ

Եթե անգամ Bloomberg-ի տեղեկությունը հաստատվի, Patriot համալիրները դժվար թե Թուրքիային հեշտությամբ բաժին հասնեն։ Այն բանից հետո, երբ Անկարան 2019-ին ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնեց, Վաշինգտոնը սկսել է կրճատել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ։

Թուրքիայի տարածքում մի քանի Patriot համալիրներ կան, սակայն դրանք տեղակայված են ամերիկյան բազաներում։ BBC-ի թուրքական ծառայության տվյալներով՝ առավելագույնը, ինչին այժմ Էրդողանը կարող է հասնել ԱՄՆ-ից, ամերիկացի զինվորականների ղեկավարությամբ Patriot-ների տեղափոխումն է դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող թուրքական Հաթայ քաղաք: Այդ դեպքում դրանք ի վիճակի կլինեն որսալ ռուսական մարտական ինքնաթիռները։

Հունվարի վերջից Ասադի բանակը հարձակում է իրականացնում Իդլիբ նահանգում ՝ ռուսական ավիացիայի և իրանամետ խմբավորումների աջակցությամբ: Դա լրջորեն նյարդայնացնում է Թուրքիայի քաղաքական գործիչներին ու զորահրամանատարներին։

Ինչո՞ւ է այդքան կարևոր Իդլիբը

Իդլիբը ապստամբների և ջիհադականների վերջին հենարանն է, որոնք 2011-ից ի վեր փորձում են տապալել Ասադին։

Իդլիբում հարձակման հաջողությունը քաղաքական և տնտեսական հսկայական դիվիդենտներ կբերի Սիրիայի իշխանություններին։ Հաղթանակի դեպքում Ասադի բանակը լիովին կվերահսկի Մ4 և Մ5 կարևոր ճանապարհները, որոնք երկրի տրանսպորտային ամբողջ համակարգի հիմքն են։

Թուրքիայի համար ևս Իդլիբը շատ կարևոր է։ Անկարան այդ տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտի։ 2016-ից թուրքական զորքերն ու դաշնակից սիրիացի ապստամբները երեք գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիսում, սակայն նրանցից ոչ մեկն ուղղված չի եղել Ասադի ուժերի դեմ:

Սակայն այժմ Իդլիբում են տեղակայված Ասադի ընդդիմադիր կազմավորումները, որոնց տարիներ շարունակ աջակցել, կրթել և զինել է Թուրքիան։ Եթե Էրդողանը հիմա չաջակցի իր դաշնակիցներին, որոնք օգնել են նրան պայքարել քրդական ջոկատների դեմ, նրա վարկանիշը Թուրքիայի ներսում կարող է էապես ընկնել։

Ներքին հակամարտություն

Փորձագետներից շատերը համակարծիք են, որ Էրդողանը կարող է լայնածավալ գործողություն սկսել Իդլիբում ներքաղաքական պատճառներով։ Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, նկատվում է արտադրության և մի շարք ոլորտներում ցուցանիշների անկում։ Թեև 2018-ի ճգնաժամի համեմատ գնաճը դանդաղել է, բայցևայնպես այն դեռ բավական բարձր է:

Մյուս կողմից, Էրդողանը բավականաչափ ներդրում է արել բանակի վերազինման և նոր սպառազինությունների ձեռքբերման համար։ Այդ ծախսերը ցանկալի է ինչ-որ կերպ արդարացնել։

Այս ամենը երկրի ներսում ստեղծում է դժգոհության աճի ներուժ։ Էրդողանի կուսակցությունը պարտվել է Ստամբուլի և Անկարայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Այս պատկերին Էրդողանի համար ռազմական գործողությունը լավ հնարավորություն է ազգին համախմբելու և իշխող կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իդլիբի ճգնաժամին դիվանագիտական լուծում գտնելու համար «հաշված օրեր են մնացել»։

«Իդլիբում գործողությունը ժամանակի հարց է»,- այս շաբաթ հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ դա վերջին նախազգուշացումն է Սիրիայի իշխանություններին:

Ընդ որում, Մոսկվայի հանդեպ Անկարայի հռետորաբանությունը մնում է զուսպ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ Իդլիբի հարցում Ռուսաստանից պահանջներ չունի։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Թուրքիան նման պահանջներ ունի միայն Բաշար Ասադի ռեժիմից:

Կորուստները հսկայական կլինեն

Իդլիբում ոչ միայն բազմաթիվ իսլամիստներ ու ընդդիմության ջոկատներ են կենտրոնացած, այլև մեծ թվով փախստականներ՝ մոտ 3,5 միլիոն մարդ։

«Ընտանիքներ, որոնցից շատերը պատերազմի ընթացքում ստիպված են եղել Սիրիայի մի անկյունից փախչել մյուսը, սարսափով են ընդունում, որ ռումբերն իրենց առօրյայի մասն են դարձել»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը:

Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող քաղաքները, ինչպիսիք են Աթարեբը (այդ նույն գոտում է, թեև ֆորմալ առումով հարևան նահանգում է), ինտենսիվ ռմբակոծության են ենթարկվում:

Վերջին շրջանում ավիահարվածներից տուժել է 10 հիվանդանոց և 19 դպրոց, ինչպես նաև փախստականների որոշ ճամբարներ։

«Հիվանդանոցների, բժշկական հաստատությունների և դպրոցների վրա հարձակումների մեծ թիվը ենթադրում է, որ այդ բոլոր հարվածները պատահական չեն կարող լինել»,- նշել է Բաչելետը: Էրդողանը Ռուսաստանին և Ասադի բանակին ուղղակիորեն մեղադրել է քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ մեղադրանքները։

Ի՞նչ սպասել

Դժվար է կանխատեսել իրադարձությունների զարգացումը։ Ճգնաժամը դիվանագիտորեն լուծելու Մոսկվայի և Անկարայի փորձերը դեռ հաջողության չեն հանգեցնում, թեև արդեն երեք փուլով բանակցությունների են եղել:

«Սակայն դա դեռ չի նշանակում, որ կողմերը մտադիր են հակամարտությունը լուծել ռազմական ուժով։ Դատելով անցյալի սրացումներից՝ Պուտինն ու Էրդողանը նախընտրում են նման հարցերը լուծել անձամբ իրենց իսկ բանակցությունների ժամանակ… ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ վերջին խոսքը կլինի երկրների նախագահներինը»,- նշում է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Խլեբնիկովը։

Նույն տարբերակի մասին ակնարկում են նաև Թուրքիայի ԱԳՆ-ում։ Այնտեղ ասել են, որ եթե առաջիկա օրերին դիվանագետներին չհաջողվի հասնել Իդլիբի ճգնաժամի կարգավորմանը, հնարավոր է՝ Պուտինն ու Էրդողանն անձնապես հանդիպեն:

Հնարավոր է, որ մոտ ժամանակներս Մոսկվան և Անկարան կարողանան պայմանավորվել Իդլիբում ժամանակավոր հրադադարի շուրջ, կարծում է BBC-ի թուրքական ծառայության վերլուծաբան Իրեմ Քոքերը:

«Դա կողմերին ժամանակ և հնարավորություն կտա մանևրելու, որպեսզի քննարկեն պայմանները, որոնք կբավարարեն բոլորին։ Հնարավոր է, որ այդ հավասարման մեջ ներառվեն ոչ միայն Սիրիայի շրջանների վերաբերյալ համաձայնագիրը, այլև Լիբիայի, քրդերի և տնտեսական նախագծերի վերաբերյալ հարցերը»,- նշում է լրագրողը ։

Այդպիսի զինադադար կնքելու նախադրյալներ կան։ Մոսկվայի և Դամասկոսի համար կարևոր է ոչ թե Իդլիբ քաղաքը, այլ առաջին հերթին Մ4 և Մ5 մայրուղիների երկայնքով գտնվող տարածքը:

Իսկ Անկարան կարող է իր կողմից վերահսկվող հողերի մի մասը զիջել նահանգում՝ Իդլիբ քաղաքի մոտ և թուրք-սիրիական սահմանին իր դիրքերի ամրապնդման դիմաց։

Այս ամենը չի բացառում ապագայում Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի հնարավոր էսկալացիան և ռազմական բախումը։ Սակայն այս պահին նման սրացումը քիչ հավանական է, կարծում է Իրեմ Կոկերը։

Թարգմանությունը՝ Մարիա Եղիազարյանի

Հոդվածի բնօրինակը՝ “Остались считанные дни”. Ждать ли столкновения России и Турции в Сирии?

Լուսանկարը՝ news.sky.com կայքից

Մեկնաբանել