Կտրուկ բարձրացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակը․ Տոնոյանը՝ Ռազմական ոստիկանությանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանությունից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակը․ այս մասին ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:

Հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակը»,- գրել է Հովհաննիսյանը։

***

Օրերս պաշտոնանկ են արվել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։

Պաշտոնանկություններին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, որին մանրամասն անդրադարձ էր կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին:

Տարեսկզբից Հայաստանի և Արցախի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում 13 զինծառայող է մահացել։

Մեկնաբանել