Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իդլիբում կարգավորման պայմանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Թուրքիայի նախագահը նշել է Իդլիբում կարգավորման պայմանը և խնդրել «զսպել Բաշար Ասադի ռեժիմին»:
 
Թուրքիայի նախագահի աշխատակազմից տեղեկատվության համաձայն՝ Էրդողանը Իդլիբում կարգավորման գլխավոր պայման է համարել Սոչիի համաձայնագրի իրագործումը [2013-ի հոկտեմբերի 23-ին Պուտինը և Էրդողանը երկարաժամ բանակցություններից հետո համաձայնության եկան Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին – ՍիվիլՆեթ]: Բացի այդ, Անկարան հայտարարել է «տարածաշրջանում սիրիական բանակը զսպելու» և այնտեղ հումանիտար ճգնաժամը կանխելու անհրաժեշտության մասին:

Իր հերթին Ռուսաստանի առաջնորդն իր անհանգստությունն է հայտնել նահանգում ծայրահեղականների ակտիվացման կապակցությամբ։

«Ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
 
Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ակտիվացնել Իդլիբի շուրջ երկկողմ միջգերատեսչական խորհրդակցությունները, որպեսզի նվազեցնեն լարվածությունը եւ չեզոքացնեն ահաբեկչական սպառնալիքը:

***
 
Հունվարի վերջից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը հարձակում է իրականացնում Իդլիբ նահանգում ՝ ռուսական ավիացիայի և իրանամետ խմբավորումների աջակցությամբ: Դա լրջորեն նյարդայնացնում է Թուրքիայի քաղաքական գործիչներին ու զորահրամանատարներին։ Իդլիբը Թուրքիայի աջակցությունը ստացող սիրիացի ապստամբների և ջիհադականների վերջին հենարանն է, որոնք 2011-ից ի վեր փորձում են տապալել Ասադին։ 

Իդլիբում հարձակման հաջողությունը քաղաքական և տնտեսական հսկայական դիվիդենտներ կբերի Սիրիայի իշխանություններին։ Հաղթանակի դեպքում Ասադի բանակը լիովին կվերահսկի Մ4 և Մ5 կարևոր ճանապարհները, որոնք երկրի տրանսպորտային ամբողջ համակարգի հիմքն են։ 

Թուրքիայի համար ևս Իդլիբը շատ կարևոր է։ Անկարան այդ տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտի։ 2016-ից թուրքական զորքերն ու դաշնակից սիրիացի ապստամբները երեք գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիսում, սակայն նրանցից ոչ մեկն ուղղված չի եղել Ասադի ուժերի դեմ:

Տե՛ս նաև՝ Սպասե՞լ արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի բախումներին Սիրիայում

#CivilNet #News

Լուսանկարը՝ Reuters-ի