Մյունխենյան սկզբունքները չեն վերափոխում հայկական կողմի մոտեցումները․ ԱԳ նախարար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած «Մյունխենյան սկզբունքներն» ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչ խոսվեց Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ. այսպիսի հայտարարություն արեց Հայաաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարի հետ կայացած համատեղ ասուլիսին։

Նախարարի խոսքով՝ «Մյունխենյան սկզբունքներում» չկա մի բան, որ վերափոխում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: «Դրանք համալրում են մեր մոտեցումները»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ բանակցային գործընթացում Արցախի ինքնորոշման իրավունքի և Արցախի կարգավիճակի խնդիրների՝ հետին պլան մղվելու մասին:

Փետրվարի 15-ին Մյունխենի Անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային քննարկում-բանավեճ ունեցան։ Քննարկման հաջորդ օրը Փաշինյանը հրապարակեց ԼՂ խնդրի կարգավորման մոտեցումներ, որոնք ստացել են «Մյունխենյան սկզբունքներ» անվանումը։

«Կարգավիճակի հարցը չի անտեսվում և չի կարող անտեսվել: Անտրամաբանական է նման կերպ գնահատել: Մեր դիրքորոշումը մնում է կայուն, ինքն արտահայտված է տարբեր ձևաչափերով ու տարբեր ձևերով: «Մյունխենյան սկզբունքները» նաև համալրում են մեր մոտեցումները, որոնք կայուն են»,- ասաց նախարարը՝ պատասխանլով լրագրողի հարցին՝ արդյոք «Մյունխենյան սկզբունքները» փաստաթղթի տեսք են ստացել, գտնվում են բանակցային սեղանին, և արդյոք դա նշանակում է նախկին Մադրիդյան սկզբունքների չեղարկում:

Մեզ համար ամենասուր հարցը եղել և մնում է Լեռային Ղարաբաղի մեր հայրենակիցների ռեալ անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է կարգավիճակի խնդիրը

«Ինչ վերաբերում է նոր մոտեցումներին, ապա Հայաստանը եղել և մնում է հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ շրջանակներում մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի ու ժողովուրդների համար: Սա նշանակում է փոխզիջում, ինչը նշանակում է երկկողմանի ճանապարհ:

Միակողմանի զիջումների մասին որևէ խոսք չի կարող լինել: Այս առումով մեզ համար ամենասուր հարցը եղել և մնում է Լեռային Ղարաբաղի մեր հայրենակիցների ռեալ անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է կարգավիճակի խնդիրը: Խնդրում եմ չխառնել և չենթադրել, որ մեկը մյուսից տարանջատված է»,- ասաց նախարարը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել