Ինչպես է Հայաստանը վերաբերվում «Դարի գործարքին» և Երուսաղեմի կարգավիճակի որոշմանը

Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է:

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսին։

Մնացականյանի համոզմամբ՝ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում:

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Արևելյան Երուսաղեմը դիտում է որպես 1967թ. գրավված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում:

Հայաստանը, նրա խոսքով, սատարում է Պաղեստինյան հիմնահարցի՝ երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը: «Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմամբ՝ անկախ պետության ստեղծման ձգտմանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

***

ԱՄՆ վարչակազմն առաջարկել է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման պլան, որը ստացել է«Դարի գործարք» անվանումը: ԱՄՆ-ն առաջարկում է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից բաղկացած պաղեստինյան տարածքն անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային օղակներով, իսկ Արևելյան Երուսաղեմը ճանաչել արաբական պետության մայրաքաղաք:

Երուսաղեմն անվանվում է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք և հայտարարվում հրեաների բնակավայրերը որպես իսրայելական տարածք ճանաչելու Վաշինգտոնի մտադրության մասին: Որպես խաղաղության գործընթացի պայմաններ` ԱՄՆ նախագահը նշել է, որ Պաղեստինի իշխանությունները պետք է հրաժարվեն աջակցել «ՀԱՄԱՍ» շարժմանը Գազայի հատվածում, ինչպես նաև պետք է հրաժարվեն զինված պայքարի մեթոդներից: Կարգավորումը առաջ տանելու համար Միացյալ Նահանգները պաղեստինցիներին 50 միլիարդ դոլար ներդրում է առաջարկում:

Այս նախագաիծը սուր քննադատության են ենթարկել Պաղեստինի իշխանություները, Իրանն ու Թուրքիան: Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ «Դարի գործարք» նախագիծը «դարի դավաճանություն է» պաղեստինցիների նկատմամբ:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել