Արցախը Հայաստան է, Հայաստանի Հանրապետություն է․ զրույց Սամվել Բաբայանի հետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է արտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածությունը, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով։ Սամվել Բաբայանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ Ստեփանակերտում ներկայացրել է իր մոտեցումները Արցախի նախընտրական և այլ թեմաների շուրջ։ Զրույցը՝ խմբագրումներով, ստորև։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Սերժ Սարգսյանի ներգրավմամբ քրեական գործի մասին

Տհաճ է, ես գտնում եմ, որ նման կերպ չպետք է վարվեին։ Կապ չունի՝ նախագահ են, թե ով են, նրանք երկրում ներդրած լումա ունեն ու ծառայել են այս երկրին։ Այդպես պետք չէր մոտենալ հարցին, կարելի էր քննությունը տանել, բացահայտել ամեն ինչ, ապացույցներն ունենալ, նոր… բայց երբ վերևից բռնում են ու հետո փորձում դրա վրա կառուցել ամբողջը, պարզ երևում է, որ դա ճիշտ մոտեցում չէ։ Մեր երկրում սա ոչ առաջինն է, ոչ երկրորդը։ Դրա հիմքերը վաղուց են դրվել, նույն մոտեցումով իրենք են աշխատել։ Երբ ես մեկ-մեկ այս մասին ասում եմ՝ նեղանում են, ասում՝ դուք ընկերներ եք եղել, բայց ասում եմ՝ նույն ձևով իրենք են այդպես մոտեցել հարցին, ձերբակալել են ինձ, հետո փորձել ահաբեկչությունը կպել ինձ հետ։ Ունենք այն, ինչի հիմքերը դրել ենք։ Դրանից նեղանալ պետք չէ, ուղղակի պետք է օրենսդրական բազան փոխել, հստակեցնել, պարզեցնել, որ նման գործողություններ չլինեն ոչ մեկի հանդեպ՝ կապ չունի նախագահ է, թե հասարակ քաղաքացի։ Մեր օրենքները թույլ են տալիս երկիմաստություն, եռիմաստություն, որ ցանկացած անձի կարող են ձերբակալել, հետո դրա շուրջ ստեղծեն շոու, ու առանց որևէ հստակ մեղադրանքի մարդուն խայտառակ անենք։ Ինձ համար զարմանալի բան չկա, 90-ականներից ես դա անցել եմ։

Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին

Հեղափոխությունը, այն ինչ կատարվեց Հայաստանում, դա ողջունել եմ, բայց դրանից հետո գործողությունների տեմպերը, ուղղությունը չեմ գնահատում, գնահատական չունեմ տալու։ Օրենսդրական բազան, Սահմանադրությունը նույնն են, հիմա գործում են նույն օրենքները, ինչ նախկինում, ու ես չեմ գտնում, որ ինչ-որ խորը հեղափոխական բաներ են կատարվել, ուղղակի բիզնեսն է ազատվել մի քիչ, փայատերեր չկան, բայց Սահմանադրությունն ու օրենդրական բազան պետք է ամբողջական փոխվեն։ Եթե սա չփոխվի, ես ոչ մի բանի չեմ հավատում։

Արցախում ընտրությունների մասին

Մեր մուտքը Արցախ բերել է նրան, որ մարդիկ մի քիչ ազատվել են ճնշումներից ու փորձում են ազատ ընտրություն կատարել։ Մենք հասանք նրան, որ Արցախում ինչ-որ չափ խոսքի ազատություն եղավ, իշխանությանը հասկացրինք, որ ուժով չեք կարող ոչ մի բան պահել։ Մասիս Մայիլյանին աջակցելու մեր քայլով մենք հասկացրինք, որ նախագահի հաղթող թեկնածու դեռ չկա, լինելու է ընտրություն, ու հասարակությունն է որոշելու, մի՛ տոնեք նախապես, ինչքան էլ որ դաբրոներ ունենաք։ Մասիս Մայիլյանն իր հայտարարության մեջ ասաց, որ ինքը կողմ է այն ծրագրին, որը «Միասնական հայրենիքը» ներկայացրել է։ Նրան 1992 թվականից ճանաչում եմ՝ բարոյական, հանգիստ, համեստ տղա է, ամբիցիաներն իրեն չեն ուտում, գաղափարապես համահունչ է մեր մտածելակերպին։ Երկրորդ՝ հասարակության պահանջը. զգալով, որ մեզ չեն գրանցում, մեն որոշեցինք ընտրել Մասիս Մայիլյանին պաշտպանելու տարբերակը։ Սա է պատճառը, այլ բան պետք չէ փնտրել։ Ոմանք ասում են՝ Մայիլյանին առաջադրում ենք, որ կառավարենք, ղեկավարենք, մեզ մոտ աշխատի և այլն։ Այդպես ասողները մարդիկ են, որ հնուց հիվանդությամբ են տառապում՝ ուղեղի հիվանդություն ունեն, չեմ ցանկանում նրանց անդրադառնալ։

Արցախի իշխանությունների, նրանց աջակցությունը վայելող թեկնածուի մասին

Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի իշխանություններն աշխատում են Արայիկ Հարությունյանի համար։ Դա պետք չէ թաքցնել՝ իբր իրենք կողքից են նայում։ Ես խորհուրդ կտամ, որ հետո պարզերես լինելու համար մարդկանց հնարավորություն տան իրենք իրենց ընտրությունը կատարեն։ Դա Արցախի ընտրությունն է լինելու, ու այն բևեռները, որ փորձում են ազդեցություն ունենալ, չեն ունենալու։ Գործող իշխանությունն ու այդ անձինք երկիրը բերել են այն վիճակին, ինչ վիճակի դուք տեսնում եք։ Պետք է ամբողջ համակարգում լուրջ փոփոխություն կատարել՝ թե՛ օրենսդրական, թե՛ պաշտպանության ու տնտեսության ոլորտներում, ու եթե չգնանք այդ փոփոխություններին, կարող ենք կորցնել և՛ Արցախը, և՛ մեր երկիրն ընդհանրապես։ Ես իրենց խորհուրդ կտամ հանգստանալ, չջղաձգվել, «մեր մարդ» հասկացություն այլևս չկա։

Ես գիտեմ, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են կոնկրետ մարդու համար, անում են այն, ինչ կարող են անել։ Երբ մենք ասում ենք՝ Հայաստանի իշխանությունները պարտավորություն են վերցրել ընտրություններում արդար, ազատ ընտրության հսկող լինել, դա չի նշանակում վերջին օրը գալ, ասել՝ տղերք, արդար է, ժողովուրդը գնաց, ընտրեց։ Մեշոկով փող են բաժանում, բա արդարությունն ո՞ւր է, ի՞նչ եք անում։ Սպասում եք վերջին օրը գաք, ասեք՝ արդար ընտրություն է եղել, ընտրատեղամասում իրար չե՞ն ծեծել։ Ես կոչ կանեի, որ Հայաստանի իշխանություններն իրենց վրա վերցրած պատասխանատվությունը գործադրեին։

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ

Արցախը Հայաստան է, Հայաստանի Հանրապետություն է, բայց քանի որ կան դրսի պրոցեսներ, Հայաստանն այնքան հզոր չէ, որ իր վրա վերցնի այդ հարվածները, ինչպես Ռուսաստանը Ղրիմի հարցում։ Ամեն մի հայ իր ներսում, իր ուղեղում պետք է իմանա, որ Արցախը Հայաստանի մի մասն է ու վերջ, դա քննարկման թեմա չէ, ու նրանք, ովքեր դա քննարկում են, ուղեղի պրոբլեմ ունեն։ Եկեք մենք մեզ չխաբենք, երկիրը կառուցենք։

Պատրաստեց Մկրտիչ Կարապետյանը

Մեկնաբանել