Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից․ Սերժ Սարգսյանը դիմեց աջակիցներին

Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառանալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին․ այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում հավաքված իր աջակիցների բազմության առջև՝ նախքան դատարանի շենք մտնելը։

Փետրվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։ Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանի մերձավոր համարվող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ ընկերության նախագահը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ աջակիցներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու, իսկ մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը։ Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, որոնք չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպես ասում են՝ շառ ու փորձանքից հեռու։

Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար, Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից՝ խնդրում եմ վերադառանալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։

Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում»։

Սերժ Սարգսյանին դատարանի բակում աջակցելու են եկել բազմաթիվ նախկին պաշտոնյաներ և գործիչներ, այդ թվում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և այլք։

Լուսինե Վարդանյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել