Կարեն Խաչատրյանը արգելանքի տակ է. կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:

ԱԱԾ-ն իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը՝ նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվելով անթույլատրելի:

Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում, հայտնում են ԱԱԾ-ից:

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը հունվարի 22-ին դատարանի որոշմամբ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը և մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: