Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից որպես կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոց

թարմացում

Հոդվածի նախրոդ՝ «Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով» վերնագիրը փոխարինվել է «Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է սահմանային հսկիչ կետերից որպես կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոց» վերնագրով։

․․․

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հեռուստաընկերության եթերում ներկայացրել է աշխատանքները, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ՝ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը:

Ըստ նրա՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են։

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1 271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36-ը հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից․ մեծ մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է»,- ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել: ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ:

Ավելի վաղ, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են գրիպի թեթև ախտանշաններ։ Ըստ նրա, բոլորն էլ կորոնավիրուսի դեմ թեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել:

***

COVID-2019 նոր կորոնավիրուսը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանից բացի շարունակում է տարածվել 30 այլ պետություններում ևս: Մասնավորապես, նոր բռնկումներ են գրանցվել Իրանում և Իտալիայում: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 25-ի դրությամբ, Իրանում վիրուսից մահացել է 12 մարդ: Երկրում հայտնաբերվել է 61 վարակակիր, հետազոտվում է ևս 900 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսի վարակ։

Հայաստանի կառավարությունը կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում փետրվարի 24-ին երկու շաբաթով սահմանափակել է Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային երթևեկությունը իրականացվում է նույնպես սահմանափակումներով: 

Համաձայն ԱՀԿ-ի՝ փետրվարի 25-ին Չինաստանում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2 663-ի, նրանցից 2 043-ը մահացել է Ուհանում (Հուբեյ նահանգ), որտեղ գրանցվել էր վարակի բռնկումը: Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 77 658 մարդու, 9 126 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, իսկ ավելի քան 27 000-ը ապաքինվել են:

#CivilNet #News