Կոնյակի գովազդը կարգելվի

Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել կոնյակի գովազդը։ Ներկայում գործող օրենսդրությամբ արգելվում է ալկոհոլային խմիչքների գովազդը՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի։ Ըստ կառավարության՝ նախագծի նպատակն  է բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ ու հավասար տնտեսական մրցակցություն ապահովել։ Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Կոնյակի գովազդի առկայությունը, ըստ նախագծի, անհավասար պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար։ Բացի այդ, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հիմանվորման, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով իրենց մրցակցային օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար պայմաններով ու նույն կերպ։ 

Հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին կարգադրությունը ու հանձնարարվել է ներքին շուկայի հետ կապված խոչընդոտները վերացնել։ 

Ալկոհոլային գովազդը որոշակի ժամերով հեռուստաեթեր հեռարձակելու մասին օրենքը Հայաստանի խորհրդարանն ընդունել էր 2014-ին։ Ներկայում թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը զանգվածային էլեկտրոնային տեղեկատվամիջոցներով արգելվում է 06:00-22:30-ն ընկած ժամանակահատվածում։ Հայկական կոնյակի վրա նման սահմանափակումներ չտարածվեցին՝ տեղական արտադրության կոնյակը խթանելու համար։ 

Մկրտիչ Կարապետյան