Հայաստանի իրավապահ մարմինների վերին օղակներում եղել են դավաճաններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին։ Նա նշեց, որ թե՛ հանրությունը, թե՛ ինքն անձամբ բավարարված չեն կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքներով։

«2018-ի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ամենալավատեսական հաշվարկով կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 միլիոն դոլարի վնաս՝ ներառյալ ՊԵԿ քննչական վարույթում տեղի ունեցած վերականգնումները»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ թիվը չի արտահայտում կոռուպցիայի պատճառով Հայաստանի կրած վնասների իրական ծավալը։

Փաշինյանի խոսքով՝ ժամանակն անցնում է, ու իրավապահների դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին թույլ է տալիս փախչել Հայաստանից, իսկ մյուս մասին հանցանշաններ ու ապացույցներ թաքցնելու պատուհան է բացում։ «Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիայի մեջ ներքաշված ընկերություններ կամ գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն, նախկին կամ ներկա պաշտոնյաների, բայց մեր իրավապահ մարմինները այդ կապերը ապացուցող փաստեր չեն գտնում։ Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ համակարգը»,- նշեց Փաշինյանը։

Քրեական գործերի՝ փակուղի մտնելու պատճառը, ըստ նրա, այն է, որ «իրավապահների ամենաբարձր օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով ու հանձնարարություններով»։

Վարչապետը խոսեց նաև Համաշխարհային բանկի հրապարակած էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունները յուրացնելու վերաբերյալ զեկույցի մասին, ըստ որի ՀԲ-ի կողմից աջակցություն ստացող երկրներից տեղի է ունենում կապիտալի արտահոսք։ Հայաստանը նման երկրների առաջատար քսանյակում է՝ Բուրկինո Ֆասոյի, Բուրունդիի, Գանայի, Նիգերի, Մավրիտանիայի, Ուգանդայի կողքին։

#CivilNet #News

Մեկնաբանել