Կորոնավիրուսի տարածման վտանգ. ՊՆ-ն արգելել է զինվորների արձակուրդները, զորամասեր այցելությունները

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ից բոլոր զորամասերում արգելել է ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:

Արգելված են է վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը, բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների:

«ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից», – հայտնում են ՊՆ-ից:

***

COVID-2019 նոր կորոնավիրուսը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանից բացի շարունակում է տարածվել 30 այլ պետություններում ևս: Մասնավորապես, նոր բռնկումներ են գրանցվել Իրանում և Իտալիայում: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 25-ի դրությամբ, Իրանում վիրուսից մահացել է 12 մարդ: Երկրում հայտնաբերվել է 61 վարակակիր, հետազոտվում է ևս 900 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսի վարակ։

Հայաստանի կառավարությունը կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում փետրվարի 24-ին երկու շաբաթով սահմանափակել է Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային երթևեկությունը իրականացվում է նույնպես սահմանափակումներով:

Համաձայն ԱՀԿ-ի՝ փետրվարի 25-ին Չինաստանում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2 663-ի, նրանցից 2 043-ը մահացել է Ուհանում (Հուբեյ նահանգ), որտեղ գրանցվել էր վարակի բռնկումը: Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 77 658 մարդու, 9 126 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, իսկ ավելի քան 27 000-ը ապաքինվել են:

Կարդացե՛ք նաև.

Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով

Մեկնաբանել