Ամեն ինչ արվում է կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան. նախարար

Ամեն ինչ արվում է, որպեսզի նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցումը Հայաստան կանխարգելվի․ այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա անդրադարձավ Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակի հայտնաբերման մեկ դեպքին՝ նշելով, որ այն «բերովի է»: «Կապվել եմ իմ գործընկերոջ հետ, Վրաստանում վարակի տարածման դեպ քչկա: Կա մեկ դեպք, որը բերովի է, և այն կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է և չտարածվի»,- ասաց Թորոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Իրենց [Վրաստանի – խմբ․] աշխատանքն այդ դրվագով բավականին տպավորիչ էր: Ես հույս ունեմ, որ մենք էլ առնվազն նույն մակարդակով պատրաստ ենք»:

Նախարարը հաստատեց վարչապետի ենթադրությունը՝ ներկայացնելով որոշակի տվյալներ Հայաստանում կանխարգելիչ միջոցառումների մասին․ «Իրանի հետ ուղևորահոսքի սահմանափակումից հետո, երեկ՝ փետրվարի 26-ին, Իրանից Հայաստան է վերադարձել 52 հոգի, խոսքը մեր հայրենակիցների մասին է: Նրանց ուղեկցել է մեր աշխատակիցը: Նա հատուկ մեկնել էր տեղում պարզելու՝ կա արդյոք պացիենտ, որին պետք է Երևանում դիմավորենք: Նման դեպք չէր արձանագրվել: Բոլորն այդ պահին առողջ են եղել: Երևանում էլ է զննում կատարվել»:

Թորոսյանը հատուկ անդրադարձավ զննման մեթոդներին՝ նշելով, որ համաճարակաբանության ու հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի արդյունավետ մեթոդներ աշխարհում պարզապես չկան․ «Սահմանային անցակատերում կատարվող ջերմաչափումն ու զննումն այն առավելագույնն է, որ հնարավոր է կատարել նման հիվանդությունների կանխարգելման դեպքում»։

Նախարարի խոսքով՝ մինչ օրս կատարվել է 95 հետազոտություն բոլոր պոտենցիալ կարգավորող դեպքերով/ «Բոլորը եղել են բացասական: Ներկայում ունենք 850 հետազոտության թեստ ու ևս 3 000-ը շուտով կստանանք: Այս առումով նույնպես հագեցած ենք»։ Նա տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ուղեկցվել են ոստիկանության ու հակահամաճարակային աշխատակիցների կողմից:

Բացի այդ, նախարարի խոսքով, սահմանվել են հատուկ կետեր և մաքսային պահեստներ, որտեղ բեռնատարները դատարկվելու են և վերադառնալու են հետ․ «Գործնականում արվում է ամեն բան, որպեսզի վարակի ներթափանցումը կանխվի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներկայում ամեն բան վերահսկողության տակ է, և Հայաստանն ապրում է «իր առօրյա կյանքով»: «Եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, այն կհանրայնացվի: Բանակում ևս կանխարգելիչ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել: Հույս ունեմ, որ Իրանում ձեռնարկվող միջոցառոըւմները արդյունավետ կլինեն, և մենք կկարողանանք կարճ ժամանակում վերականգնել նրանց հետ մեր բնականոն հաղորդակցությունը»,- ասաց վարչապետը:

#CivilNet #News

Մեկնաբանել