Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին

Կառավարության փետրվարի 27-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգի խնդիրներին։ Նա նշել է, որ կառավարության, պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական։

«Նախ չխանգարել որևէ բանում, և որտեղ հնարավոր է օգնել՝ օգնել: Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ, դա հասկանալիորեն մեծ և սուր արձագանք է գտնում, և դա վատ չէ, որ այդպես է: Եկեք արձանագրենք հետևյալը, այլ փաստեր էլ կան, որոնք դրա մասին են վկայում. այսօր պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևակերպել և ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի, ծավալի և այլնի»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը շարունակել է․ «Այդ մարդիկ, եկեք արձանագրենք, շատ չարացած են այսօր, ներկաների վրա, առնվազն մեծ մասի վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա, և եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ կամ իրենց նախարարության շենք, ամբողջ այդ չարացածությունը պարպում են այդ մարդկանց վրա: Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նաև նախարարների պարտականությունն է՝ կաբինետներում այդ մարդկանց գտնել և լիցքաթափվելու հնարավորություն տալ նրանց: Թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու: Այսօր մենք այս պրոբլեմն ունենք և կրկին կոչ եմ անում՝ պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել, որպեսզի այս խնդիրը լուծվի»։

Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել․ «Բայց դա չի նշանակում, որ մեր՝ ամեն ինչ հարթ, սահուն իրականացնելու ցանկությունը պետք է չարաշահվի: Այսօր կոնկրետ չարաշահվում է շատ նախարարություններում, և ես ասում եմ՝ հերիք է, ժամանակն սպառվել է, այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն, գնան, զբաղվեն բոլորովին ուրիշ գործով»:

#CivilNet #News

Մեկնաբանել