Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով

Հայաստանի կառավարությունը փետրվարի 27-ի նիստին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է վերցրել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 647 ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ըստ էության, ավելի քան 600 ապրանքների գծով արտոնյալ ռեժիմը պահպանվում է, երկարացվում է ևս մեկ տարի: Դա առնվազն 30 միլիոն դոլար խնայողություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, և մենք հույս ունենք, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն մեր տնտեսության հետագա զարգացմանը նպաստելու իմաստով: Բայց դեռ ընթացակարգերը պետք է անցնեն, և պետք է արագ անել, որպեսզի հնարավորինս արագ ուժի մեջ մտնի»:

 #CivilNet #News