Երևանում կկառուցվի սքեյթ- պարկ

Երևանը շուտով հանրային սքեյթ-պարկ կունենա, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նվիրատուն Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն է։ 

Սքեյթ-պարկը կառուցվելու է Օղակաձև զբոսայգում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ՝ 5044 քմ հանրային տարածքում։

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ այս նախագիծը հաճելի նվեր է լինելու երիտասարդներին, որոնք կարող են մարզվել ու ժամանակ անցկացնել: «Սքեյթ-պարկը Երևանում երկար սպասված և պահանջված է»,- նշել է Մարությանը։

Ծրագիրը իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում՝ մինչև հունիսի 30-ը, խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային մասը կձևավորվի որպես ամֆիթատրոն։ Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ։ Ծրագրի երկրորդ փուլով՝ մինչև այս տարվա օգոստոսի 30-ը, կբարեկարգվի տարածքի արևելյան առկա կանաչ գոտին՝ համալրվելով յուրօրինակ լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Առանձին նախագծով այգին կկահավորվի հասարակական սանհանգույցով»:

Գեղեցիկ Ոսկանյան