Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել սիրիական Իդլիբում իրավիճակի վերաբերյալ․ այս մասին փետրվարի 28-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ինտերֆաքսը։ 

«Երկխոսության համար տեղ միշտ կա, այսօր կայացել է նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով», – ասել է Լավրովը: Նա հավելել է, որ խոսակցությունը եղել է մանրամասն՝ նվիրված այն բանին, որ արվի ամեն հնարավորը, որպեսզի Իդլիբի շրջանում պահպանվեն և կատարվեն նախնական բոլոր պայմանավորվածությունները լարվածության թուլացման վերաբերյալ»։

Փետրվարի 26-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ են առաջացել Իդլիբի ապառազմականացված գոտու շուրջ։ Էրդողանը հայտարարել է, թե իր զորքերը չեն հանձնի դիրքերը Իդլիբի դիտակետերի մոտ և պահանջել Է սիրիական զորքերի նահանջը թուրքական բանակի դիտակետերի գծից այն կողմ՝ Մ-5 մայրուղու երկայնքով:

Ռուսական կողմը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է խախտել Սոչիի համաձայնագրերը՝ աջակցելով գրոհայիններին սիրիական Իդլիբում հրետանու և անօդաչու սարքերի աշխատանքով:

Փետրվարի 21-ին Էրդողանը հայտարարել էր, որ Իդլիբում տեղի ունեցածը պատերազմ է, և որ ագրեսիան պետք է կանգնեցնել։ Նա կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ 

2019-ի հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում Մոսկվան և Անկարան հուշագիր ընդունեցին Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկության և արաբական այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարի մասին: Պարեկությունը պետք է իրականացվեր սիրիական տարածքներում՝ Թուրքիայի հետ սահմանից 10 կմ խորությամբ։ Չնայած համաձայնագրին, իրավիճակը տարածաշրջանում սրվել է այն բանից հետո, երբ ռուս և թուրք զինվորականները 2020-ի սկզբին փորձել են հրադադարի ռեժիմ սահմանել, սակայն գրոհայինները միայն ուժեղացրել են հարձակումները:

Տես նաև՝

Բախումներ սիրիական Իդլիբում, առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել

Սպասե՞լ արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի բախումներին Սիրիայում 

Մարիա Եղիազարյան