ԱՄՆ-ը և տալիբները պատմական համաձայնության են հասել 

ԱՄՆ-ը և Տալիբան արմատական շարժումը համաձայնագիր են կնքել, որը կոչված է խաղաղ գործընթաց սկսել Աֆղանստանում և վերջ դնել Ամերիկայի պատմության մեջ ամենաերկար պատերազմին, որը տասնյակ հազարավոր կյանքեր է խլել և միլիարդավոր դոլարներ արժեցել:

ԱՄՆ-ն հույս ունի համաձայնագրի օգնությամբ վերջ դնել հակամարտության երկու տասնամյակին և տուն վերադարձնել Աֆղանստանում գտնվող 13 000 զինծառայողների:

Համաձայնագրում ասվում է․

-ԱՄՆ-ը 14 ամսվա ընթացքում զորքերը դուրս կբերի, եթե տալիբները հետևեն պայմանավորվածություններին,

-Համաձայնագրի ստորագրումից հետո պետք է բանակցություններ սկսվեն տալիբների և Աֆղանստանի կառավարության միջև,

-Տալիբանը թույլ չի տա իր անդամներից ոչ մեկին, այդ թվում՝ Ալ Կաիդային, օգտագործել Աֆղանստանի տարածքը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությունը խաթարելու համար,

-ԱՄՆ-ը և Աֆղանստանի կառավարությունը 5 000 գերիների ազատ կարձակեն, Տալիբանը մինչև մարտի 10-ը ազատ կարձակի մինչև 1 000 գերիների,

«ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները և կոալիցիան կավարտեն Աֆղանստանից մնացած ուժերի դուրսբերումը համատեղ հռչակագրի հայտարարումից և ԱՄՆ-ի ու Տալիբանի միջև համաձայնագրի կնքումից հետո՝ 14 ամսվա ընթացքում», – ասված Է համաձայնագրի տեքստում:

ԱՄՆ զորքերը Աֆղանստան են մտել գրեթե 19 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո։ Սա ամերիկյան պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 2 400 ամերիկացի զինվորական։ 

Մեկնաբաններից շատերը գործարքը բավականին ռիսկային են անվանել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար, քանի որ ըստ էության այն լեգիտիմացնում է Տալիբանը միջազգային հանրության աչքերում: Բայց միլիոնավոր աֆղանցիների համար համաձայնագիրը չորս տասնամյակ պատերազմներից և երկպառակություններից հետո խաղաղ ապրելու հնարավորություն է։ 

Աֆղանստանում պատերազմը դադարեցնելու խոստումը Թրամփի նախընտրական արշավի առանցքային կետերից մեկն էր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել համաձայնագիրը, եթե ինչ-որ բան սխալ գնա։

Կողմերը հույս ունեն, որ համաձայնագիրը կօգնի նվազեցնել Աֆղանստանում բռնության մակարդակը և կարգավորել երկրում քաղաքական ճգնաժամը: Փորձագետների կարծիքով՝ միջաֆղանական բանակցությունները շատ ավելի ծանր կընթանան, քան ներկայիս բանակցությունները:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հույս է հայտնել, որ համաձայնագրի շնորհիվ Աֆղանստանում հրադադարը կդառնա մշտական:

Համաձայնագրի ստորագրման համար Դոհա են ժամանել արմատական շարժման 31 անդամից բաղկացած պատվիրակությունը, ինչպես նաև պետքարտուղար Մարկ Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Բռնության նվազեցման ռեժիմ

Փետրվարի 22-ից Աֆղանստանում մեկ շաբաթվա ընթացքում գործել է «բռնության մակարդակի նվազեցման ռեժիմ»: Այս շաբաթը պետք է մի տեսակ ստուգում դառնար այն բանի համար, թե տալիբները որքանով կարող են վերահսկել իրենց ուժերը և կատարել գործարքի կնքումից հետո ստանձնած պարտավորությունները։ Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել էր, որ եթե յոթնօրյա հրադադարն արդյունավետ լինի, ԱՄՆ-ը մոտ ապագայում Աֆղանստանում ռազմական ներկայությունը կկրճատի մինչև 8 600 մարդու:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 10 տարում Աֆղանստանում 35 000 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 65 000 մարդ վիրավորվել է:

Ամռանը ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ 2019-ի առաջին կեսին Աֆղանստանում աֆղանական բանակի և ՆԱՏՕ-ի զորքերի գործողությունների հետևանքով ավելի շատ քաղաքացիական բնակչություն է զոհվել, քան Տալիբանի և Իսլամական պետության ձեռքով: 

ԱՄՆ-ի և տալիբների միջև բանակցությունների հիմնական փուլը տևել է մի քանի ամիս՝ 2019-ին: Բանակցությունների ութ փուլերի ընթացքում Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և Դոհայում տալիբների քաղաքական գրասենյակի պատվիրակությունը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, որը նախատեսում էր հրադադար, Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և խաղաղության շուրջ միջաֆղանական համընդհանուր բանակցությունների սկիզբ:

Սակայն սեպտեմբերին Քաբուլում և մի շարք այլ քաղաքներում տալիբների իրականացրած մի շարք ահաբեկչություններից հետո, որոնց զոհերի թվում էր ամերիկացի զինվորական, Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել Տալիբանի հետ բանակցությունները և չեղարկել համաձայնագրի ստորագրումը:

Մարիա Եղիազարյան

Լուսանկարում՝ ԱՄՆ բանագնաց Զալմայ Խալիլզադը և Տալիբանի ներկայացուցիչ Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարը (AFP)