Մոսկվայում Նեմցովի հիշատակի երթը բազմահազարանոց բողոքի է վերածվել

Մոսկվայում հինգերորդ անգամ տեղի է ունեցել սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ: Այս անգամ սգո միջոցառումից երթը վերածվել է բողոքի ցույցի. մասնակիցները հանդես են եկել Սահմանադրության նոր փոփոխությունների դեմ և ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Բազմամարդ երթ է տեղի ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում։ BBC-ի ռուսական ծառայության անդրադարձը Մոսկվայում տեղի ունեցած երթին՝ ստորև՝ թարգմանաբար, կրճատումներով։

«Սպիտակ հաշվիչի» հաշվարկներով՝ այս տարի առաջին խոշոր ակցիային եկել է ավելի քան 22 000 մարդ: Ակցիային մասնակցել են շատ տարբեր շարժումներ՝ ազգայնականներ և ձախեր, լիբերտարիանցիներ և լիբերալներ, ուսանողական ակտիվիստներ և բնապահպաններ։

«Նեմցովը բազմակարծություն էր թույլ տալիս ընդդիմության շրջանում»,- բացատրում է Դմիտրի Գոլիկովը, որը ներկայացել է որպես «Երրորդ այլընտրանք» նացիոնալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ: Նրա մի քանի ընկերներ սպիտակ-սև-դեղին դրոշներով կանգնած են մի քիչ հեռու։ «Այս երթում ավանդաբար եղել են տարբեր հայացքներ, այստեղ կան և՛ ձախ, և՛ կենտրոնամետ մարդիկ։ Դե, ինչպես աջերը կարող էին անցնել սրա կողքով»,- ասել է նա։

Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չգրանցված թեկնածու Յուլյա Գալյամինան բռնել է «մենք քվեարկում ենք ո՛չ» պաստառը։ Դա, իհարկե, Սահմանադրության փոփոխությունների ապագա քվեարկության մասին է։ Նա ասում է, որ հենց Սահմանադրության փոփոխությունն է հիմա քաղաքական գլխավոր թեման։

Նրա հետ համաձայն է Մադինան, որը ծաղրանկար է արել՝ Պուտինի գլխի թագին գրված է «ո՛չ կորոնավիրուսին»։

Իսկ ընդհանրապես երթում տասնյակ օրակարգեր ու խնդիրներ կան՝ Մոսկվայում միջուկային գերեզմանոցի մոտ վտանգավոր հորդի կառուցումից մինչև 1943-ին կալմիկ ժողովրդի ցեղասպանություն։ Այս վերջինի մասին պաստառը միայնակ կրում է տարեց մի կին։

Ակցիայի մեկ այլ կարևոր թեմա էլ քաղբանտարկյալներն են. նրանց դիմանկարները երևում են ամբոխի վերևում, հանրահավաքի մուտքի մոտ բոլոր ցանկացողներին բաժանում էին քաղբանտարկյալների անուններով պաստառներ։

Ճիշտ է, արդյունքում պարզվում է, որ ոչ բոլորը գիտեն, թե ում անունով պաստառ են բռնել, եթե գործը վերաբերում է ոչ ամենահայտնի քաղբանտարկյալներին։ Ֆեմինիստուհիները ձեռագիր պաստառներով հիշեցնում էին Յուլյա Ցվետկովայի գործի մասին, որին դատելու են կնոջ սեռական օրգանի նկարների համար, իսկ «Խելամիտ մասկուլիզմ» շարժումը ուշադրություն է դարձնում, որ քաղբանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են:

Այս անունը միավորում է

Օրը ցուրտ ու քամոտ էր։ Երթը դանդաղ շարժվում էր պուրակներով։ Բաժանվում էին սովորական կարգախոսներ՝ «Ռուսաստանը կլինի ազատ» և «Պուտինը գող է»։ Ավելացել են թարմ դրվագներ, օրինակ՝ [Սահմանադրության] «Լավագույն փոփոխությունը ՝ Պուտինի հեռացումն է»։ Երթի մասնակիցները նաև վանկարկում էին ընդդիմադիր «Պոռնոֆիլմեր» համույթի երգից մի տող՝ «Իմ Ռուսաստանը նստած է բանտում»։

Հիմնականում վանկարկում էին ակտիվիստները՝ շարասյուների առաջին շարքերում, իսկ սովորական մարդիկ ավելի հաճախ լուռ էին։ Իրական աղմուկ բարձրացավ միայն Առաջին ալիքի նկարահանող խմբի շուրջ. մարդիկ շրջապատել էին կապույտ խոսափողով լրագրողին, նրան նկարում էին հեռախոսներով և բղավում «ամոթ» և «քարոզչություն»։

***

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին Մոսկվայի Մոսկվորեցկի մեծ կամրջի վրա: նրա մահվան վայրում ստեղծվել է ժողովրդական հուշահամալիր: Այդ հանցագործության անմիջական կատարողին և նրա հանցակիցներին դատապարտել են իրական ժամկետների։ Սակայն սպանության անմիջական կազմակերպիչն ու պատվիրատուն հայտնի չեն։

Մարիա Եղիազարյան

Լուսանկարը՝ Եվգենի Ֆիլմանի, Meduza.io

Մեկնաբանել