Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։

«Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,- ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․

1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։

2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։

3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

4. Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին։

Նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի մասին վաղ առավոտյան հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։ Տե՛ս՝ Կորոնավիրուս․ Հայաստանում գրանցվել է առաջին դեպքը, կքննարկվի Մարտի 1-ի երթի չեղարկումը։

#CivilNet #News