Ի՞նչն է խոչընդոտում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը

Արմեն Ալավերդյան

Ընտրական իրավունքը քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկն է։ Այդ առումով, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները մեր երկրում անուղղակի խտրականության են ենթարկվում։

Սկսենք տեղաշարժման խնդիրներ ունեցող (հատկապես՝ հաշմանդամի սայլակ օգտագործող) քաղաքացիներից։ Նրանք ստիպված են հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ իրենց ընտրական իրավունքն իրացնելու համար։ Տեղամասային կենտրոնների ճնշող մեծամասնությունը ֆիզիկապես մատչելի չէ սայլակ օգտագործող քաղաքացիների համար։ Մուտքի մոտ և ներսում առանց թեքահարթակի աստիճաններ, անմատչելի դարպասներ, նեղ դռներ և միջանցքներ, երկրորդ հարկում տեղակայված ընտրատեղամասեր…

Ըստ ոլորտի պատասխանատուների, այս ամենը մենք ժառանգել ենք խորհրդային ժամանակներից․ չէ՞որ ընտրատեղամասերը հիմնականում գտնվում են մանկապարտեզների կամ դպրոցների շենքերում, որոնք կառուցվել են վաղուց, երբ մատչելիության նորմերի մասին ընդհանրապես չէին էլ մտածում։ Այս «արդարացումը» համոզիչ չէ. անկախության տարիների ընթացքում անհրաժեշտ և հնարավոր էր միջոցներ ձեռնարկել իրավիճակը փոխելու ուղղությամբ։

Արմեն Ալավերդյանը «Ունիսոն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահն էԻսկ ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան, որոնք միտված են լուծել վերոնշյալ խնդիրը։

Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի (ԸՕ), «տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ» (հոդված 17)։

Մի կողմ թողնելով ԸՕ-ում կիրառվող «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ» անընդունելի տերմինը, նշենք, որ այս դրույթն ամենևին չի երաշխավորում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը, քանի որ անհասկանալի է, թե ինչ «անհրաժեշտ միջոցներ» է հնարավոր ձեռնարկել, եթե, օրինակ, տեղամասային կենտրոնը գտնվում է շենքի երկրորդ հարկում, կամ եթե շենքի մուտքի մոտ կան բազմաթիվ աստիճաններ։

Համաձայն ԸՕ հոդված 65-ի, «քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը»:

2011 թվականին «Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով լրացուցիչ հնարավորություններ սահմանելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 19-Ն որոշմամբ, շարժասայլակով տեղաշարժվող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանվում է, որ «տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղեկանալով, որ տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ է գտնվում շարժասայլակով տեղաշարժվող ընտրող, տեղամասային կենտրոնում հայտարարում է այդ մասին, մոտենում է ընտրողին և նրան բացատրում որոշման համապատասխան քվեարկությանը մասնակցելու կարգը»։ Այս կարգը միտված է հնարավորություն ընձեռել սայլակ օգտագործող քաղաքացուն մասնակցել ընտրություններին ընտրատեղամասից դուրս։ Սակայն, նման կարգը խնդրահարույց է առնվազն երկու հետևյալ պատճառներով։ Առաջինը՝ խիստ կասկածելի է ընտրատեղամասից դուրս գաղտնի քվեարկությունն ապահովելու հնարավորությունը։ Բացի այդ, սկզբունքորեն ընդունելի չէ, որ ընտրողը հասնի ընտրատեղամաս և հնարավորություն չունենա այլ քաղաքացիների նման մուտք գործել այնտեղ միայն այն պատճառով, որ նա հաշմանդամի սայլակ է օգտագործում։

Ինչ վերաբերում է անկողնային հիվանդներին, ապա նրանց համար ընտրություններին մասնակցելը հնարավոր է միայն ստացիոնար հաստատությունում գտնվելու պարագայում։ Ըստ ՀՀ ԸՕ հոդված 56-ի, «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով»:

Այսպիսով, տան պայմաններում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ զրկվում են ընտրելու իրավունքն իրացնելու նույնիսկ տեսական հնարավորությունից։

Չտեսնող և չլսող քաղաքացիների քվեարկության խնդիրներ

Մշուշոտ են նաև չտեսնող (կույր) քաղաքացիների՝ փակ գաղտնի քվեարկություն իրականացնելու հնարավորությունները։ Համաձայն ՀՀ ԸՕ հոդված 66-ի, «եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների»: Բնականաբար, չկա որևէ երաշխիք, որ կույր ընտրողի կամարտահայտությունը կհարգվի, և նրա քվեաթերթիկը կլրացվի իր ցանկության համաձայն, կամ որ կպահպանվի նման քաղաքացու ընտրության գաղտնիությունը։

Խնդիրներ կան նաև չլսող (խուլ) քաղաքացիների ընտրական իրավունքն իրացնելու առումով։ Այդ խնդիրները հիմնականում կապված են իրազեկվածության ցածր աստիճանի հետ։ Մասնավորապես, խուլ ընտրողները հաճախ զրկված են լինում հեռուստաքարոզարշավին հետևելու հնարավորությունից, քանի որ վերջինս չի զուգորդվում ժեստերի լեզվով թարգմանությամբ։

Նշենք նաև մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների ընտրություններում մասնակցելու ժամանակ հնարավոր ուղղորդումների հետ կապված մտահոգությունը։

Վերոնշյալ բոլոր խնդիրները լուծելի են, սակայն դեռ չեն լուծվել քաղաքական կամքի պակասի պատճառով։ Ստիպված ենք փաստել, որ որոշում կայացողները չեն կարևորում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների՝ այլոց հետ հավասար հիմունքներով ընտրական գործընթացներում մասնակցելու հնարավորություն ընձեռելը։

Ինչպես շտկել իրավիճակը

Մեր համոզմամբ, իրավիճակը բարելավելու համար, անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ կոնկրետ միջոցներ.

1. Վերականգնել շրջիկ քվեատուփերի կիրառումը ոչ միայն ստացիոնար հաստատություններում, այլ անկողնային հիվանդի կարգավիճակում գտնվող ընտրողների տներում: Սահմանել համապատասխան դիմումի հիմնավորումները, ձևը և դիմելու ժամկետները։

2. Ապահովել բոլոր ընտրատեղամասերի` հաշմանդամի սայլակ օգտագործող քաղաքացիների համար ֆիզիկական մատչելիությունը։ Հաշվի առնելով, որ դա ժամանակատար և ծախսատար գործընթաց է, սահմանել հստակ ժամանակացույց` բացառելու համար ապագայում ֆիզիկապես անմատչելի տարածքներում ընտրությունների կազմակերպումը։

3. Վերականգնել կույր ընտրողների համար նախկինում գործածվող հատուկ կաղապարների կիրառումը, որոնք թույլ են տալիս չտեսնող քաղաքացուն ինքնուրույն և գաղտնի մասնակցել քվեարկությանը։

4. Օրենսդրորեն սահմանել հեռուստաքարոզարշավի ժամանակ ժեստերի լեզվի (սուրդոթարգմանության) կիրառումը ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից, ինչը կապահովի խուլ ընտրողների իրազեկվածությունը։

5. Կանոնակարգել մտավոր խնդիրներ ունեցող ընտրողների` քվեարկության մասնակցության գործընթացը` բացառելով ուղղորդումներ և ուրիշի փոխարեն քվեարկություն։

6. Ապահովել բոլորր տեղամասային կենտրոններում վատ տեսնող ընտրողների համար նախատեսված ոսպնյակի առկայությունը և ընտրողների իրազեկումը՝ ոսպնյակի օգտագործման հնարավորության մասին։

Արմեն Ալավերդյանը «Ունիսոն» իրավապաշտպան ՀԿ-ի գործադիր տնօրենն է

Մեկնաբանել