Թուրքիան Մինսկի խմբի անդամ է և միշտ ներգրավված է եղել Արցախյան բանակցություններում

Թուրքիայի արտգործնախարարը Մևլութ Չավուշօղլուն օրերս ընդունել է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին: Այս լուրը ակտիվորեն քննարկվում և շահարկվում է, իբր Անկարան ներգրավվում է բանակցություններում, և դա հայկական դիվանագիտության ձախողում է:

Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանից ու Ադրբեջանից հետո ամենաներգրավված, բայց նաև՝ ամենակողմնակալ երկիրը միշտ եղել է հենց Թուրքիան: Բացի այն, որ 1992-ի մարտի 24-ից, երբ Հելսինկիում ձևավորվեց ԵԱՀԽ Մինսկի խումբը, Թուրքիան այդ խմբի անդամ է, այս երկիրը, ի համերաշխություն Ադրբեջանի, դեռ 1993-ին փակել է Հայաստանի հետ սահմանը: Սրանից ավելի լուրջ ներգրավվածություն կարող էր լինել Հայաստան ներխուժումը, ինչին նախապատրաստվում էր Թուրքիան 1992-1993-ին:

Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը ղարաբաղյան բանակցություններում սկսվել է 1992-ին, ընդ որում, այդ ներգրավվածությունը ընթացել է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն պատրաստելուն զուգահեռ, որի վրա աշխատում էին երկու երկրների դիվանագետները:

Հիշենք, թե ինչպես է դա եղել:

1992-ի վերջերին Արցախյան կարգավորման բանակցություններում սկիզբ դրվեց 5+1 ձևաչափով (Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի նախագահների ներկայացուցիչները և ԵԱՀԽ (հետագայում՝ ԵԱՀԿ) Մինսկի խորհրդաժողովի նախագահը) շփումներին:

Դա ստվերային կամ աշխատանքային խումբ էր, որը Մինսկի խմբի համար պետք է փաստաթղթեր պատրաստեր: Այդ ձևաչափով տեղի ունեցան մի քանի փուլ բանակցություններ, որոնցից առաջինը Ժնևում էր՝ 1992-ի վերջերին:

Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ չէր Անկարայի ներգրավմանը, թեև թուրքերն ակնհայտ ադրբեջանանպաստ կեցվածք էին որդեգրել: Հայաստանի նախագահը ակնկալում էր, որ Անկարային ներգրավելով՝ ավելի դյուրին կլինի մեղմել Թուրքիայի կողմնապաշտությունը: 5+1 ձևաչափով շփումների ընթացքում՝ 1993-ի մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հեռախոսազրույց ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ:

1993-ի հունվարի առաջին օրերին Մոսկվայում կայացած 5+1 ձևաչափով հանդիպման ընթացքում պատրաստվում էր ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր, սակայն Բաքուն անսպասելի հետ կանչեց իր պատվիրակին:

Հունվարի 18-24-ը ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելին այցելեց Բաքու, Երևան և Ստեփանակերտ։ Մինչ տարածաշրջան գալը Թուրքիայում հանդիպեց ԵԱՀԿ-ում այդ երկրի ներկայացուցչի, իսկ այցի վերջում, մարտի 1-ին՝  Մոսկվայում, բանակցեց իր ռուս գործընկեր Անդրեյ Կոզիրևի հետ:

Չեթինը զրույցի ընթացքում առաջարկեց ինչ-որ ձև գտնել, որպեսզի Անկարան և Մոսկվան համագործակցեն Բոսնիայի և Ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցում: Կոզիրևը համաձայնություն տվեց Չեթինի առաջարկին` միասին այցելել Բաքու և Երևան, գուցե նաև՝ Ստեփանակերտ:

Բորիս Ելցինի՝ Ղարաբաղյան հարցում հատուկ բանագնաց Վլադիմիր Կազիմիրովին զարմացնում է Կոզիրևի համաձայնությունը` Չեթինի հետ այցելել հակամարտության շրջան: Թուրքիան արդեն հասցրել էր ապացուցել, որ չի կարող Ղարաբաղյան կարգավորման հարցում խաղալ կառուցողական դեր: Չեթինը Մոսկվայից մեկնեց Բաքու` նախապատրաստելու իր և Կոզիրևի համատեղ այցը: Թուրքիայի արտգործնախարարը հանդիպեց Էլչիբեյի հետ, և Մոսկվային ու Վաշինգտոնին տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը, ընդհանուր առմամբ, ողջունում է ռուս-թուրքական նախաձեռնությունը:

ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերը, սակայն, Չեթինի հետ հեռախոսազրույցում կասկածի տակ է դնում ռուս-թուրքական նախաձեռնության նպատակահարմարությունը: Ամերիկացիները կարևորում էին Մինսկի խմբի գործունեությունը և ձգտում զսպել Ռուսաստանին: Չեթինը, իր հերթին, ողջունում է ամերիկացիների հնարավոր միացումը ռուս-թուրքական նախաձեռնությանը: Սակայն ո՛չ Կոզիրև-Չեթին համատեղ այցը կայացավ և ո՛չ էլ կրակը դադարեցվեց, քանի որ Թուրքիան նախապայման էր դնում` հայերը պետք է հեռանան Շուշիից և Լաչինից:

Մարտի երկրորդ կեսին Ժնևում կայացավ 5+1 ձևաչափով նոր հանդիպում: Այս օրերին ղարաբաղյան ուժերը շարունակում էին առաջխաղացումը և վերահսկողության տակ վերցնում ավելի վաղ գրավված Մարտակերտի գյուղերը: Թվում էր` նրանք կշարունակեին խորանալ Մարտակերտի ուղղությամբ, սակայն հակառակորդի համար անակնկալ փոխեցին ուղղությունը դեպի Քարվաճառ (Քելբաջար), առանց որի գրավման չափազանց դժվար կլիներ Մարտակերտի պաշտպանությունը:

Ադրբեջանը հրաժարվեց 5+1 ձևաչափից այն բանից հետո, երբ ղարաբաղյան ուժերը մտան Քարվաճառ:

Ուշագրավ էր, որ Քարվաճառի գործողությունը համընկավ 5+1 ձևաչափով Ժնևյան վերջին հանդիպման հետ: Երբ Արցախյան ուժերը մտան Քարվաճառ, Բաքուն հրաժարվեց 5+1 ձևաչափից, իսկ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը:

Ավելին, հենց 5+1 ձևաչափով բանակցությունների ընթացքում էր, որ Հայաստանն ու Թուրքիան աշխատում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության վրա: Այդ փաստաթղթի վրա աշխատող հայ դիվանագետները տարբեր զրույցներում ակնարկել են, որ եթե չլիներ Քարվաճառի գործողությունը, ապա մեծ էր հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան կհաստատեին դիվանագիտական հարաբերություններ և միմյանց մայրաքաղաքներում կբացեին դիվանագիտական ներկայացուցչություններ:

Ճիշտ է՝ Թուրքիան չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ, ինչպես Իտալիան էր 1992-1993-ին, չի եղել համանախագահ, ինչպես 1990-ականների կեսերին եղել են Ռուսաստանը, Շվեդիան ու Ֆինլանդիան, չի եղել եռանախագահ (եռանախագահությունը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, ձևավորվել է 1997-ից և մինչև օրս այդ ձևաչափը անփոփոխ է), բայց միշտ եղել է Մինսկի խմբի անդամ:

Եռանախագահները բազմիցս են այցելել Անկարա: Այսպես, 1999-2001 թվականներին, երբ բանակցություններում քննարկվում էր կարգավորման տարածքների փոխանակման և միջացնքների տարբերակը, որը բերեց Քի Վեսթի առաջարկին, Թուրքիան ուղղակի ներգրավված կողմ էր:

Օրինակ, 1999-ի հոկտեմբերին Երևան ու Բաքու այցերից զատ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներ Սթրոբ Թելբոթն ու Սթիվեն Սեստանովիչը այցելում էին նաև Անկարա: Մինսկի խմբում ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ բանակցություններ էր վարում Թուրքիայի արտգործնախարարությունում, իսկ 2001-ի գարնանը ԵԱՀԿ Մինսկի խումբն իր այցը սկսեց Անկարայից, ապա անցավ Նախիջևան, որից հետո Հայաստան, ապա Արցախ և Ադրբեջան:

Այնպես որ, երբ այսօր գրվում է, թե Թուրքիան աննախադեպ կերպով ներգրավվում է ղարաբաղյան բանակցություններում, դա կամ չիմացություն է, կամ պարզունակ քարոզչություն:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։