Եթե Հայաստանն ու Վրաստանն ընկալեն ժողովրդավարական տարածք, մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա․ Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր վրացի պաշտոնակից Գիորգի Գախարիայի հետ։ Լրատվամիջոցների հետ հանդիպմանը վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով` երկու երկրների գործադիր մարմիններն այստեղ ունեն բազմաթիվ հնարավորություններ` տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի։

«Այդ առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի, որովհետև իմ պատկերացմամբ, եթե մարդիկ Հայաստանը և Վրաստանն ընկալեն որպես ժողովրդավարական տարածք` մեր երկրների ներդրումային գրավչությունը կմեծանա։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեն, բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում։ Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, իսկ Վրաստանը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կես ամիս անց Վրաստան այցի ժամանակ հենց այդ բանաձևն է ինքն առաջարկել` երկկողմ հարաբերությունների հիմքում դնելու համար։

«Մենք ողջունում ենք Վրաստանի այն դիրքորոշումը, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Ընդհանրապես հակամարտություններն աշխարհում, նաև մեր տարածաշրջանում բացարձակ տարբեր են իրարից, տարբեր են իրենց բովանդակությամբ, ծագումնաբանությամբ, պատմությամբ և խորությամբ։ Եթե ընդհանուր բանաձևերով հնարավոր լիներ լուծել հակամարտությունները, ապա մինչ այժմ դրանք լուծված կլինեին։ Մենք յուրաքանչյուր հակամարտություն դիտում ենք իր առանձնահատկությունների մեջ։ Ուրախ եմ, որ այս առումով կարող ենք կառուցողական կերպով համագործակցել Վրաստանի հետ։ Այն, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք և այն, որ Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրի է ստորագրել ԵՄ-ի հետ, ստեղծում են նոր հնարավորություններ մեր համագործակցության համար, և դրանք քննարկելը կլինի մեր քննարկումների առանցքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-վրացական օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում անհրաժեշտ համարել գործարար կապերի խորացմանը միտված միջոցառումների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան անդրադարձել են տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի իրականացմանը, կարևորել երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացումը` ցամաքային ճանապարհների, էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի ուղղությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կարևորել են հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով:

Տես նաև՝

Վերջին մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Գիորգի Գախարիայի հանդիպումը

Օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել հայ-վրացական համագործակցությունն ընդլայնելու համար

Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը

#CivilNet #News

Մեկնաբանել