Միլիոնավոր դոլարների նյութական վնաս. մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին փոխնախագահին 

ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Պետական եկամուտների կոմիտեի (Պեկ) նախագահի նախկին տեղակալին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ առանց մանրամասնելու, թե ՊԵԿ նախագահի ո՛ր տեղակալի մասին է խոսքը։

Համաձայն ԱԱԾ-ի հաղորդագրության՝ 2009-2016 թթ. ՊԵԿ նախագահի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը ծառայության շահերին հակառակ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահագրգռվածությունից ելնելով։

«Հիշյալ պաշտոնյայի» գործողությունների արդյունքում «պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2,5 միլիարդ ՀՀ դրամի նյութական վնաս»:

«Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, այնուհետև ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է»։

#CivilNet #News

Մեկնաբանել