Արսեն Թորոսյանը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է կորոնավիրուսի շուրջ իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը քննարկել է վրաստանցի իր պաշտոնակից Եկատերինե Տիկարաձեի հետ։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ:

Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները:

Հաջողություն մաղթելով մեր եղբայրական վրաց ժողովրդին այս իրավիճակը հաղթահարելու գործում, մենք պայմանավորվեցինք այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե’ նախարարների և թե’ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի մեր գործողությունները լինեն առավելագույնս համահունչ մեկը մյուսին և արդյունավետ:

Հ.Գ. մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում»,- գրել է Թորոսյանը։

Մեկնաբանել