Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկկողմ այցեր կատարել ID քարտերով

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել ID քարտերով: Այս մասին Ազգային ժողովում մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով ազատ ելումուտի մասին պայամավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 3-ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ:

«Այցն անցավ շատ բարձր մակարդակով: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանում գործող հայալեզու Ալիք լրատվականի տեղեկություններով՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիր է ստորագրվել։ Դա ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են նույնականացման քարտերով ազատ ելումուտ ունենալ: