Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով: Այս մասին Ազգային ժողովում մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով ազատ ելումուտի մասին պայամավորվածություն է ձեռք բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 3-ին Թբիլիսի կատարած այցի ժամանակ:
«Այցն անցավ շատ բարձր մակարդակով: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վրաստանում գործող հայալեզու «Ալիք» լրատվականի տեղեկություններով՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիր է ստորագրվել։ Դա ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են նույնականացման քարտերով ազատ ելումուտ ունենալ:
Վրաստանը ներկայում նման կարգավորումներ ունի Թուրքիայի և Ուկրաինայի հետ։
#CivilNet #News