Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ «մասամբ ազատ»․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2020» իր տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը շարունակում են մնալ «մասամբ ազատ»՝ 195 երկրների ու 15 տարածքների շարքում։

Հայաստանն ունի 100-ից 53 միավոր, որից 21-ը քաղաքական իրավունքների, 32-ը՝ քաղաքացիական ազատությունների համար։ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր միավորն է 34, որից 13-ը՝ քաղաքական իրավունքների, 21-ը՝ քաղաքացիական ազատությունների համար։

Եվրասիական տարածաշրջանի հատվածում Հայաստանի մասին անդրադարձում մասնավորապես ասված է․ «Ընդհանուր մռայլ պատկերում որոշ դրական նշաններ ակնհայտ են տարածաշրջանի «մասամբ ազատ» միջավայրերում։ Նորընտիր առաջնորդները, որոնք իշխանության են եկել համակարգային բարեփոխումների խոստումների ալիքի վրա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն, նախնական քայլեր են ձեռնարկել արմատախիլ անելու կլեպտոկրատիկ ուժերին, որոնք երկար ժամանակ արգելակել են իրենց երկրների ժողովրդավարական ձգտումները»,- ասված է զեկույցում։

Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելը դրական էֆեկտ է ունեցել Լեռնային Ղարաբաղի վրա 2019-ի ընթացքում, նկատում են հեղինակները։ Սեպտեմբերին ԼՂ-ում տեղական ընտրությունների շուրջ մրցակցության աճ և քաղաքացիական ակտիվություն է գրանցվել, ինչը հարթակ է ստեղծել 2020-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններում փոփոխությունների համար։

Մեկնաբանել