Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի շուրջ 

Սիրիայի Իդլիբ նահանգում պատերազմող կողմերի միջև հրադադարը ուժի մեջ է մտնում մարտի 6-ին, 0։00-ից, հայտարարել Է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ երկար հանդիպումից հետո:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները Կրեմլում ընթացել են հինգ ժամ 40 րոպե, որից երեք ժամ զրույցն ընթացել է տետ-ա-տետ:

Արդյունքում հայտարարվեց անվտանգության միջանցքի, մարտի 6-ի կեսգիշերից հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային երկու տերությունների փոխադարձ պայմանավորվածության հիման վրա ամրացված դիտակետերի մասին:

«Հուսով եմ, որ այդ պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան Իդլիբի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման համար, կդադարեն խաղաղ բնակչության տառապանքները»,- Պուտինի հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների հենց սկզբում հանդիպման հյուրընկալողը՝ նախագահ Պուտինը, նշել է գլխավոր խնդիրը, թե ինչու է իրենց հանդիպման անհրաժեշտությունն առաջացել՝ մարտերը սիրիական Իդլիբում։ Այստեղ առաջին հայացքից միմյանց դեմ են կռվում Բաշար Ասադի Սիրիայի կառավարական բանակը և ապստամբները (որոնց ռուսական պետությունը ահաբեկիչներ է անվանում)։ Ընդ որում, բոլորին հայտնի է, որ դիմակայության մեջ ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի զինված ուժերն ու ռուս զինվորականները:

Ասադի բանակին, որին ակտիվորեն աջակցում է Կրեմլը, մեղադրում են Իդլիբում հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ։ Դեկտեմբերի 1-ից ռմբակոծություններն ուժեղացել են, և ՄԱԿ-ի գնահատմամբ ՝ շուրջ 950 000 փախստական լքել է Սիրիայի այդ հատվածը:

Հարվածի տակ են հայտնվել նաև թուրքական ուժերը. երեք տասնյակ զինվորականներ են զոհվել սիրիական կառավարական ուժերի ավիահարվածներից։

Իդլիբում հրադադարը Էրդողանի նպատակն էր այդ բանակցություններում, կարծում են մերձավորարևելյան մեկնաբանները, և նա հասել է դրան:

Երկար բանակցությունների ընթացքում կային պահեր, երբ թվում էր, թե համաձայնություն չի լինելու. մամուլին հայտնել էին, որ առաջնորդները հանդիպումից հետո մամուլի ասուլիս չեն ունենալու։ Սակայն Պուտինն ու Էրդողանը, այնուամենայնիվ, կոնկրետ որոշումներ են կայացրել և որոշել են անձամբ ցույց տալ, որ համաձայնության են եկել։

Էրդողանը հայտնեց, որ Պուտինին հրավիրել է Անկարա և նշել, որ Թուրքիան նախկինում էլ է Ռուսաստանի հետ համաձայնեցրել Սիրիայի վերաբերյալ որոշ որոշումներ, օրինակ՝ «տարածաշրջանի կայունացման համար» լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին:

Վլադիմիր Պուտինն ասում էր, որ ռուսական «Խմեյմիմ» ռազմաբազան մշտապես գրոհում են «արմատականները» («ահաբեկիչներ» բառը Ռուսաստանի նախագահի շուրթերից չի հնչել), Իսկ Էրդողանը պնդում էր, որ թուրք զինվորականներն իրավունք ունեն պատասխանելու սիրիական կառավարական բանակի հարվածներին:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընթերցեց մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի պայմանները: Մասնավորապես, Լաթաքիա-Հալեպ ճանապարհի երկայնքով կստեղծվի 12 կմ լայնությամբ անվտանգության միջանցք:

Մեկնաբանել