Ովքեր են հայկական արտադրության ապրանքները Ադրբեջան հասցնողները

Սումգայիթ քաղաքի (խորհրդանշական անուն է, այդպես չէ՞) մերձակայքում գտնվող էկոլոգիական աղբավայրում Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի համապատասխան բաժինը փետրվարի 20-ին ոչնչացրել է հայկական արտադրության ալկահոլային խմիչքներ՝ 18 լիտր, 40 տուփ ծխախոտ, 324 հուշանվեր:

Երբ գրում ենք՝ Ադրբեջանը հայատյացությունը պետական մակարդակի է հասցրել, նաև վերոնշյալ դեպքը նկատի ունենք: Բաքվի իշխանությունները պարբերաբար նման ակցիաներ են իրականացնում, դա նկարահանում պաշտոնական լրատվամիջոցներով և տարածում:

Այս խնդրին առաջին անգամ ես առնչվել եմ անձնական օրինակով: 6-7 տարի առաջ Թբիլիսիում կազմակերպել էի իմ գրքերից մեկի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա ադրբեջանցի լրագրողներից Շահին Ռզաևը ձեռք էր բերել «Արցախյան օրագիր» ու «Հայերը և թուրքերը» գրքերը ռուսերեն և անգլերեն լեզուներով: Վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանի Բյոյուկ-Կասիկ սահմանակետում Շահինից երկու գրքերը առգրավել էին՝ պատճառաբանելով, որ դա «էքստրեմիստական գրականություն» է: Շահինը հակադարձել էր Նազիմ Ազիզով անունով սահմանապահին՝ ի՞նչ գիտես, որ էքստրեմիստական է, երբ գրքերը չես կարդացել: Ազիմովը պատասխանել էր՝ ամբողջ աշխարհը գիտի, որ հայերը մեր դեմ քարոզչական պատերազմ են մղում:

Այս մասին Շահինը հոդված գրեց IWPR-ի կայքում՝ Bad Books in Azerbaijan: IWPR’s country director had book confiscated just because it was published in Armenia վերնագրով:

Հետագայում, երբ Ադրբեջանից հետազոտողները, փորձագետներն ու լրագրողները ցանկանում էին ձեռք բերել իմ գրքերը, ես դրանք Բաքու էի ուղարկում իմ եվրոպացի կամ ամերիկացի ընկերների հետ, ովքեր կարողանում էին օդային ճանապարհով այն հասցնել հասցեատիրոջը:

Երեկ՝ մարտի 5-ին, Երևանի «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» հրավերով դասախոսություն էի կարդում Արցախյան հարցի՝ պատմության, հակամարտության, պատերազմի և կարգավորման գործընթացի մասին: Երկու ժամից ավելի տևեց մեր զրույցը, որի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին: Դրանցից երկուսը ինձ ամենից շատը հետաքրքրեցին:

Առաջին՝ ինչպե՞ս պատասխանել օտարերկրյա զբոսաշրջիկին, երբ նա Ադրբեջանից Վրաստանով գալիս է Երևան և, ասենք, Խոր Վիրապի ճանապարհին հայ զբոսավարին հարցնում, թե ինչ է տեղի ունեցել 1992-ի փետրվարին Խոջալուում:

Երկրորդ՝ օտարերկրյա զբոսաշրջիկին, որն անդրկովկասյան շրջագայության ընթացքում առաջինը գալիս է Հայաստան և գնում է հայկական կոնյակ կամ հուշանվեր, զգուշացնե՞լ, որ Ադրբեջան անցնելիս այդ ամենը բռնագրավելու և ոչնչացնելու են: Հայ զբոսավարը, բնական է, ցանկանում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկը գնի հայկական արտադրության ապրանքներ, օգնի հայ արտադրողին, մյուս կողմից, շատ վատ զգացողություն է ապրում, երբ գիտի, որ գնված ապրանքները ոչնչացվելու են՝ փչացնելով օտարերկրյա զբոսաշրջիկի տրամադրությունը:

Այսպես, ես միայն երեկ տեղեկացա, որ հայկական արտադրության ապրանքները ակամա Ադրբեջան հասցնողները օտարերկրյա զբոսաշրջիկներն են հիմնականում:

Հայ զբոսավարները ինձ հարցրին՝ հնարավո՞ր է այս մասին գրել, որպեսզի Հայաստանի իշխանությունները տեղեկանան և հնարավո՞ր է լուծում գտնել:

Այս պահին գրելով այս տողերը՝ ես մտածում եմ՝ եթե Ադրբեջանը չի հանդուրժում, որ չնչին քանակով հայկական արտադրանքը տարանցիկ կերպով հայտնվի իր տարածքում, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել հայ-ադրբեջանական հաշտության եզրերի, միմյանց ցավերը հասկանալու, էլ չեմ ասում՝ Արցախում արժանապատիվ խաղաղություն գտնելու մասին:

Մյուս կողմից, Մյունխենյան ցածրամակարդակ բանավեճի, Տիգրան Մեծի ու պատմական այլ դրվագների մասին խոսելուց ավելի օգտակար չէ՞ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով բանակցությունների ընթացքում քննարկել հենց նմանօրինակ առօրեական հարցեր, այն է՝ գոնե օտարերկրյա զբոսաշրջիկներին չնեղացնենք:

Ուշագրավ է, որ հայ սահմանապահները Սադախլո-Բագրատաշեն անցակետում չեն քրքրում Ադրբեջանից Հայաստան հասնող օտարերկրյա զբոսաշրջիկների ճամպրուկները և չեն բռնագրավում ու ոնչնացնում ադրբեջանական արտադրության ապրանքներ կամ հուշանվերներ:

Արժե հիշեցնել, որ Արցախյան պատերազմի տարիներին անգամ Ադրբեջանը հայատյացությունը չէր բարձրացրել պետական քաղաքականության այնպիսի մակարդակի, ինչպիսին եղավ 2003-ից հետո, երբ հայր Ալիևին փոխարինեց որդին: Հատկապես, երբ գործում էր հայ-վրաց-ադրբեջանական Սադախլոյի հայտնի շուկան մինչև 1997 թվականը, ադրբեջանցի առևտրականները գնում էին հայկական արտադրության ապրանք, այն տեղափոխում իրենց շուկաներ և վաճառում: Այդ ժամանակ Սևանի ավազանի կարտոֆիլը կամ Սպիտակի գազարն ու կաղամբը վաճառվում էին Ղազախի սահմանամերձ ադրբեջանական այլ քաղաքների շուկաներում: Շատերն են հիշում, որ ադրբեջանական թեյ մինչև 2000-ական թվականներ հնարավոր էր գտնել անգամ Ստեփանակերտի խանութներում, դե իսկ Գյանջայի նուռը շարունակում է պահանջված մնալ Հայաստանում:

Գուցե ժամանակն է հայ-ադրբեջանական հաշտության փորձերը սկսել հենց կենցաղից, տեղական, փոքր առևտրից, օտարերկրյա զբոսաշրջիկներին չնեղացնելուց: Եթե, անշուշտ, անկեղծ ենք և ուզում ենք հաշտություն ու տևական խաղաղություն: Տիգրան Մեծի կամ Երևանը ադրբեջանական քաղաք համարելու թեման ոչ մի տեղ տանող ճանապարհ է՝ անպատասխանատու և դատարկ հայրենասիրության դասական օրինակ:

Մեկնաբանել