Դալին և Պիկասոն՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը։ Ներկայացված է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից։ Այն Դալիի քանդակների և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենախոշոր հավաքածուն է, որը ստեղծվել է 15 տարվա ընթացքում։ Ի դեպ, մեծանուն երկու արվեստագետները կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել։

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է․ «Շատ սուղ ժամկետում իրականացվել են ընդարձակ նախապատրաստական աշխատանքներ՝ տեխնիկականից մինչև հրատարակչական։ Մեծ աշխատանք է տարվել նաև այս հարստությունը Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու համար։ Դեռ մի քանի ժամ է անցել, բայց այցելուների թիվը բավական մեծ է։ Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը կգերազանցի այցելությունների մեր նախորդ ռեկորդը, որը սահմանեցինք Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի ժամանակ»։

Հավաքածուում ներառված գործերի մեջ գերակշռում են գրաֆիկական պատկերները, ներկայացված են նաև քանդակներ ու խեցեղեն:

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել