Բողոքի ակցիա Գյումրիում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Մարտի 9-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից մեկնարկել է քայլերթ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության և սպանությունների։ Ակցիայի շարժառիթը օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցածն էր․ 43-ամյա Մարինեն զուգընկերոջ կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել է, նրա 13-ամյա դուստրը բռնության հետքերով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Բողոքի ցույցին մասնակցում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամներն ու մի խումբ ֆեմինիստ-ակտիվիստներ՝ Գյումրիից, Երևանից, Սպիտակից և Թալինից։

Ակտիվիստ Աննա Նիկողոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցած «զազրելի դեպքից փորձել են պրոյեկտվել դեպի մեր իրականություն»։

«Կանանց նկատմամբ բռնությունը ամենուր է՝ թե՛ տանը, թե՛ փողոցում, և մեր մշակութային նորմերի, իշխանության և անհավասարության հետևանքով կանայք նաև սպանվում են»,- ասաց Աննան։

Ակցիային մասնակցում է ավելի քան 70 հոգի՝ մեծամասամբ կանայք։ Քայլերթը մեկնարելով Գյումրիի հրապարակից՝ հասել է մինչև սպանվածի տուն։

Սաթենիկ Հակոբյան

Լուսանկարը՝ Լարա Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել