Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մարտի 9-ին գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավորը այդպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, հաղորդում է «Հայկական ժամանակը»։

Մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, և անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: ՀՔԾ-ն նրան թույլատրել էր բուժման նպատակով արտերկիր մեկնել 2019 թվականի հունվար ամսին: