Ինչ սանիտարահիգիենիկ նորմեր պետք է պահպանվեն դպրոցներում և մանկապարտեզներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կրթական գործընթացի վերսկսման համատեքստում հորդորում է նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին` ապահովել սանիտարական նորմերի և կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։

Մասնավորապես․
• Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում,

• Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն,

• Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմն անմիջապես տեղափոխվում են բուժկետ, ինչի մասին տեղեկացվում է համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին,

• Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ),

• Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մնում է առանձնացված սենյակում՝ մեկուսարանում, մինչև ծնողի գալը կամ հոսպիտալացվում է։

Միաժամանակ, պետք է նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ․

• Երեխաների բացակայության ժամանակ սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,

• Սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ,
• Երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը։
• առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: