Ժոզեֆ Բորելը հաստատել է ԵՄ-ի աջակցությունը հայաստանյան բարեփոխումների իրականացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

«Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ինտենսիվ զարգացումը և քննարկել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու բարեփոխումների իրականացմանը: Պարոն Բորելը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղութամբ:

Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ ՀՀ վարչապետը և Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ: Ժոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Նույն օրը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:

Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող հետևողական գործընթացների շուրջ:

ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայքը

Մեկնաբանել