Կորոնավիրուսի կարանտին՝ ամբողջ Իտալիայում․ ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է իր քաղաքացիներին «անհապաղ վերադառնալ»

Իտալիայում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում հայտարարված արտակարգ միջոցները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Վարչապետ Ջուզեպպե Կոնտին կարգադրել է ընդլայնել կարանտինային միջոցառումների գործողությունը՝ ամբողջ Իտալիայում սահմանափակելով հանրային հավաքների և մարզական միջոցառումների անցկացումը, փակելով դպրոցները և այլն։ Ավելի վաղ կարանտինը գործում էր միայն երկրի հյուսիսային շրջաններում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով «խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ»։

Դեպի Իտալիա թռիչքների չեղարկման մասին են հայտարարել մի շարք ավիաընկերություններ, մասնավորապես, Ryanair-ը, British Airways-ը և easyJet-ը։

Ինչպես հայտարարել է Իտալիայի վարչապետ Կոնտին, երկրում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 463-ի։ Վարակվածության հաստատված դեպքերի թիվը 9 172 է։

Իտալիան կորոնավիրուսից մահացության դեպքերով առաջ է անցել Իրանից․ մարտի 9-ի հաղորդագրությունների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը մոտ 240 էր։

Առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակից մահացել է ավելի քան 3 100 մարդ։

 

#ՍիվիլՆեթ #Լուրեր