Կորոնավիրուսն ու նավթը տապալել են ռուբլին

Մոսկվայի բորսայում առևտրաշրջանը բացվել է ռուսական ռուբլու կտրուկ անկմամբ, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Կորոնավիրուսից թուլացած ռուբլին, ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, վերջնականապես տապալվեց Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ու Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) մյուս անդամների միջև նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունների ձախողմամբ։ Մարտի 9-ին առևտրաշրջանի բացմանը նավթի գներն ընկել են ավելի քան 30 տոկոսով։ 

«ՕՊԵԿ պլյուսի գործընկերների հետ բանակցություններում Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը դարձել է վճռորոշ գործոն, որը վերջ է դրել նավթային շուկան արհեստականորեն կարգավորելու փորձերին։ Ապրիլի 1-ից արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագիրը դադարում է գործել, և դրա մասնակիցներն այլևս չունեն որևէ պարտավորություն «սև ոսկու» արտադրության նվազեցման հարցում»,- գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Եվ այսպես, դոլարն աճել է 4,2 ռուբլով՝ մինչև 72,8 ռուբլի։

Եվրոն աճել է 5 ռուբլով՝ մինչև 82,5 ռուբլի։ Ռուսական արժույթն այսպիսով հասել է 2016-ի փետրվար-մարտ ամիսների մակարդակին։

Դեռ հայտնի չէ, թե որքան կտևի ժամանակահատվածը, երբ նավթի գները կպահպանվեն 40 դոլարից ցածր շեմի մակարդակում, հայտնում է ռուսաստանյան RBC գործակալությունը՝ նշելով, որ վերլուծաբանների պնդմամբ, այն կարող է ձգվել առնվազն մի քանի ամիս։ Գործակալությունը մեջբերում է Macro-Advisory Ltd վերլուծական ընկերության ղեկավար Քրիս Ուիֆերի հայտարարությունը, թե Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև և ամերիկյան թերթաքարային նավթի դեմ գնային պատերազմը կարող է տևել առնվազն մի քանի ամիս։

«Ամենայն հավանականությամբ, 30-40 դոլարի միջակայքում կանցկացնենք մի քանի ամիս, բայց մարտի վերջին ակնհայտ կդառնա՝ ով և ինչպես է մեծացնելու նավթի արդյունահանման ծավալները»,- RBC-ին ասել է IHS Markit-ի վերլուծաբան Մաքսիմ Նեչաևը։

Ստելլա Մեհրաբեկյան