Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանք. պատրա՞նք, թե՞ իրականություն

Արմեն Ալավերդյան

Տարիներ առաջ «Ունիսոնի» գրասենյակ զանգահարեց մի կին։

– Բալիկս հաշմանդամ է, կարո՞ղ եմ այցելել ձեզ։

– Իհարկե, կարող եք։

– Բալիկիս էլ բերե՞մ հետս։

– Անպայման բերեք։

Օր ու ժամ նշանակեցինք։ Եկան մի տարեց կին ու մի տղամարդ։ Հարցնում ենք.

– Իսկ բալիկին ինչո՞ւ չբերեցիք։

– Բերեցի, սա է։

Պարզվեց, «բալիկը» 47 տարեկան էր…

Գերխնամքը մեր մենթալիտետի խնդիրներից մեկն է, հատկապես, երբ խոսքը հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողների մասին է։ Այսպիսի երեխային, որպես կանոն, ոչ մի բան ինքնուրույն անել թույլ չեն տալիս։ Ծնողները նրան հագցնում, կերակրում են, նույնիսկ մի բաժակ ջուր մատուցում, այն դեպքում, երբ երեխայի վիճակը լիովին թույլ է տալիս նրան լինել համեմատաբար անկախ, սովորել, շփվել ընկերների հետ, ինքնուրույն որոշումներ կայացնել… Դժբախտաբար, նույն իրավիճակը շարունակվում է չափահաս տարիքում։ Որպես արդյունք՝ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք զրկված են լինում անձնային աճի, ընտանիք կազմելու, աշխատանք գտնելու և բազմաթիվ այլ հնարավորություններից։

Բացի մտածելակերպից, կան նաև այլ խոչընդոտներ, որոնց լուծումը պետության պարտավորությունն է։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Հայաստանում ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 22.10.2010թ.) հոդված 19-ը՝ «Անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը», նվիրված է անկախ կյանքին։ Հաշվի առնելով այն հանգամանը, որ մեր երկրում անկախ կյանքի գաղափարը դեռևս կյանքի չի կոչվում, մեջբերենք այս հոդվածն ամբողջությամբ.

«Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում ապրելու հավասար իրավունքը` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրության հնարավորությամբ, ձեռնարկում են արդյունավետ և համապատասխան միջոցներ` օժանդակելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից լիակատար օգտվելուն, նրանց լիարժեք ներգրավվածությանը և մասնակցությանը համայնքում, ինչպես նաև ապահովում են, որ.

ա. հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը, որտեղ և ում հետ են ապրելու, ստիպված չլինեն ապրել բնակության ինչ-որ պայմաններում.

բ. հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մի շարք ներտնային, բնակության հետ կապված և համայնքային աջակցության այլ ծառայություններից և ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անձնական աջակցություն.

գ. բնակչության համար նախատեսված համայնքային ծառայությունները և հնարավորությունները հավասարապես հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և համապատասխանեն նրանց կարիքներին»:

Այստեղ հատկապես կարևոր է «անձնական աջակցություն» և «անձնական աջակիցների» տրամադրման հարցը։ Ընդ որում, պետությունը ոչ թե պիտի անձնական աջակիցներ տրամադրի հաշմանդամություն անձանց, այլ գնատահի, թե ամսական քանի ժամ տվյալ անձին անհրաժեշտ է նման աջակցություն և փոխհատուցի անհատական աջակցին վարձելու համար անհրաժեշտ գումարը։ Կարևոր է, որ անհատական աջակիցը չլինի ընտանիքի անդամ, քանի որ խոսքը գնում է հենց ընտանիքից կախվածությունը վերացնելու կամ առնվազն մեղմացնելու մասին։

Գործող ՀՀ օրենքներում այս հարցին որևէ արձագանք չկա, սակայն համապատասխան կարգավորումներն առկա են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում, որը, ամենայն հավանականությամբ, ընդունվելու է մոտակա ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում։ Մասնավորապես, օրինագծի հոդված 37-ում բավականին մանրամասն անդրադարձ է կատարվում անկախ կյանքի համար անհրաժեշտ բաղադրիչներին։ Նշենք, որ հիմնականում այս կարգավորումները համապատասխանում են Կոնվենցիայի պահանջներին։ Մտահոգիչ է միայն հոդվածի վերջին նախադասությունը. «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Այլ խոսքերով, ինչպես հաճախ է պատահում մեր օրենսդրության մեջ, այս օրենքում ևս բացակայում է կոնկրետիկան, և նպատակին հասնելուն ուղղված յուրահատուկ գործողությունները որոշելու հարցը վերապահված է կառավարությանը, մինչդեռ ավելի արդյունավետ, համոզիչ և շարունակական լինելու համար ցանկալի էր ընդգրկել նշված կարգավորումները հենց օրենքի տեքստի մեջ։

Ինչևէ, Անկախության տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ գեղեցիկ, շատ առաջադեմ և նույնչափ չգործող օրենքներ։ Հուսանք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեր երկրում կսկսվի փոխվել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը և նրանք իրական հնարավորություն կստանան՝ ուրիշների հետ հավասար հիմունքներով, անկախ և ինքնուրույն վարել իրենց կյանքը։

Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն

Մեկնաբանել