Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը․ պաշտոնականից այն կողմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 9-ի այցը Բրյուսել ճանաչողական էր: Եվրամիության ղեկավարության նոր ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում ոչ մի նոր պայմանվորվածություն ձեռք չբերվեց կամ փաստաթուղթ չստորագրվեց: Նախատեսված էլ չէր:

(Վերևի լուսանկարում` Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ)

Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախատեսված էին նաև որոշակի կանխարգելիչ միջոցառումներ: Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպեց առանց ձեռքսեղմումի պաշտոնական արարողության: Բայց «նոր կարգը» խախտվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ (ԵԺԿ) Դոնալդ Տուսկի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպումների ժամանակ։

Տուսկի հետ հանդիպումը սկսկվեց կորոնավիրուսի վերաբերյալ փոխադարձ կատակներով: Վարչապետ Փաշինյանը, կորոնավիրուսը նկատի ունենալով, Տուսկին հարցրեց․

– Արժե՞ պաշտոնական ձեռքսեղմում անել։

– Ես Ձեզանից չեմ վախենում և ինձ ապահով եմ զգում,- Փաշինյանին պատասխանեց Տուսկը։

Վարչապետի հետ Բրյուսել ժամանած լրագրողները ներկա էին միայն հանդիպումների բաց՝ արարողակարգային մասերին: Մնացած խոսակցությունն անցնում էր փակ դռների հետևում: Ըստ այդմ, որոշում կայացվեց չմասնակցել վարչապետի ու Ժոզեֆ Բորելի հետ հանդիպմանը, որի պաշտոնական մասին կարելի էր հետևել վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:

Այցն ամփոփեցին ու լրագրողների հետ զրույցում որոշակի մանրմասներ ներկայացրին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Զոհրաբ Մնացականյանը, ինչպես միշտ, խոսեց իրեն հատուկ դիվանագիտական ոճով ու ընդհանրական ձևակերպումներով։ Պարզ էր, որ այց ճանաչողական էր, չկան կոնկրետ պայմնավորվածություններ: Կողմերն ուղղակի անցել են Երևան-Բրյուսել օրակարգի վրայով, քննարկել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը, Հայաստանի ներքին բարեփոխումները, սպասվող սահմանադրական հանրաքվեն, Ղարաբաղյան խնդիրը և Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունները:

Թեև Եվրամիության ղեկավար կազմը թարմացվել է, սակայն օրակարգը հինն է, ուստի նախկինի նման անորոշ է մնում Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարը:

Ըստ էության, Եվրամիություն անայցագիր մեկնելու հնարավորություն, որից օգվում են Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլոդովայի քաղաքացիները, հայաստանցիները դեռ մի քանի տարի չեն ունենալու: «Կան տարբեր հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են Հայաստանի հետ»,- ասաց Մնացականյանը՝ ընդհանուր այցը գնահատելով այսպես. «Սա ուղղակի մեր բնականոն և ակտիվ երկխոսության վերահաստումն էր ԵՄ նոր ղեկավարության հետ»:

Եվրամիության հետ հարաբերություններում օրակարգային է մնում Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ադրբեջանի ու ԵՄ-ի ապագա պայամանագրում սպասվող ձևակերպումները: Հայաստանը պնդում է, որ դրանք պետք է համահունչ լինեն Հայաստան-ԵՄ պայմանագրում տեղ գտած ձևակերպումներին:

«Մենք ունենք Հայաստան-Եվրամիություն պայամանգիր, որտեղ ձևակերպված են մեր մոտեցումներն այդ հարցի առնչությամբ, որոնք համահունչ են Մինսկի խմբի համանախագահությունում ձևավորված մոտեցումներին: Բնականաբար, ակնկալում ենք, որ այդ մոտեցումը վերաբերում է ողջ տարածաշրջանին, նույնական է ԵՄ այն տեսակետին, որ արտահայտվել է բազմաթիվ առիթներով, ներառյալ մեր համաձայնագրում»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանը Տուսկին բողոքել է Հայաստանի իշխանություններից

Եթե Եվրամիության նոր ղեկավարության հետ հանդիպումները ճանաչողական էին, սակայն նույնը չի կարելի ասել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման մասին, որի հետ մի քանի օր առաջ Բրյուսելում հանդիպել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի եվրոպական օրակարգի տեսանկյունից համաեվրոպական խոշոր քաղաքական ընտանիքի ղեկավարի հետ հանդիպումն ինքնին կարևոր է: Հատկապես, որ Տուսկը ոչ վաղ անցյալում եղել է Եվրամիության ղեկավարներից մեկը, իսկ այժմ ղեկավարում է եվրոպական նշանակության ամենամեծ քաղաքական ուժերից մեկը: Հայաստանից այս քաղաքական ուժի մաս է կազմում երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը»:

Տուսկի հետ Փաշինյանի հանդիպումը սկսվեց բավական ջերմ։ Մեզ հասած լուրերով՝ քննարկվել է նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը ԵԺԿ ղեկավարությանը ներկայացրել է հայաստանյան ներքին գործընթացների սեփական պատկերացումները, որը Տուսկը փոխանցել է Հայաստանի ղեկավարությանը: Ի դեպ, ՀՀԿ-ն իշխանության եղած ժամանակ դատապարտում էր «ներքին լվացքը» դուրս հանելու փորձերը:

Քննարկվել է նաև սահմանադրական հանրաքվեն

Եվրամիության և ԵԺԿ ղեկավարության հետ քննարկվել է նաև Հայաստանում սպսավող սահմանադրական հանրաքվեն, որը դրական ելքի դեպքում դառնալու է Հրայր Թովմասյանի ու ևս հինգ դտավորների պաշտոնանկության «հրամանագիրը»: Հայաստանյան որոշ ընդդիմադիր շրջանակներ Փաշինյանի բրյուսելյան այցի գլխավոր նպատակ համարեցին հանրաքվեն «արդարացնելու» նապատակը: Սա քննարկվող հարցերից միայն մեկն էր, որի վերաբերյալ Հայաստանի ու ԵՄ ղեկավարության տեսակետները միանման չեն, բայց տրամագծորեն չեն տարբերվում:

Այն, որ մոտեցումների ամբողջական զուգադիպում չկա, պարզ դարձավ նաև Ռուբեն Ռուբինյանի երկար ու բարդ ձևակերպումից։ «Կարծում եմ, մեր [եվրոպացի] գործընկերներն ունեն ընկալում, որ մեր մոտիվները դրական են»:

Տուսկը աջակցություն է հայտնել Հայաստանի ներքին բարեփոխումներին՝ փորձելով մի կողմից պահպանել Եվրոպական ժողովրդական կուսակցությունում համերաշխությունը, մյուս կողմից՝ չանտեսել Հայաստանի նոր կառավարության քայլերը ներքին համակարգային փոփոխությունների ուղղությամբ:

Թերևս ատահական չէր Տուսկի՝ Փաշինյանին ուղղված ողջույնի խոսքը.

– Հայաստանի հետ մեզ ավանդական բարեկամությունն է կապում: Կարող եք հույս դնել ինձ վրա` իմ նոր պաշտոնում:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել