2015–2019թթ․ Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր հերթական զեկույցը 2019թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ 2015-2019թթ․ ընդհանուր սպառազինությունների միջազգային մատակարարումները 5,5 տոկոսով աճել են՝ 2010-2014թթ․ համեմատ։ 2015–2019թթ․ զենքի հինգ խոշորագույն արտահանողներն էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը։ Հինգ խոշորագույն ներկրողներն էին Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Ավստրալիան և Չինաստանը։

Հայաստանի ու Ադրբեջանի մասով նշվում է, որ 2015–2019թթ․ երկու երկրների միջև եղել են բախումներ։

Ըստ զեկույցի՝ 2015–2019թթ․ Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը՝ նախորդ հնգամյակի համեմատ։ Նշյալ ժամանակահատվածում Հայաստան ներկրվող զենքի 94 տոկոսը մատակարարել է Ռուսաստանը։

Թեև 2015-19թթ․ Ադրբեջանը նախորդ հնգամյակի համեմատ 40 տոկոսով նվազեցրել է զենք-զինամթերքի ներկրումը, Բաքուն, այդուհանդերձ, զենքի ձեռքբերման ծավալներով գերազանցել է Հայաստանին 3,3 անգամ:

Ուշագրավ է, որ 2012-2016թթ․ Ադրբեջանն աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում զբաղեցրել էր 21-րդ տեղը, խոշորագույն մատակարարներն էին Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։

2015-2019թթ․ Ադրբեջանը զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում 30-րդ տեղում է, և թիվ մեկ մատակարարը Իսրայելն է (60 տոկոս), ապա՝ Ռուսաստանը (31 տոկոս) և Թուրքիան (3,2 տոկոս)։

Փետրվարին հրապարակվել էր Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ աշխարհի ռազմականացված երկրների վերաբերյալ 2019թ․ համաթիվը, ըստ որի՝ Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է։
Տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել